«Իսրայելը հուսով է, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ ճանապարհն է». Իսրայելի ԱԳՆ
Ադրբեջանում Իսրայելի նախկին դեսպան, Իսրայելի արտգործնախարարության եվրասիական բաժնի ղեկավար Ռաֆայել Խարփազը հայտարարել է, թե իրենք «հետևում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող գործընթացներին», հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նրա խոսքով՝ Իսրայելը իսկապես հավատում է և հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ ճանապարհն է։
«Մեր տարածաշրջանում մենք նման փորձ ունեցել ենք: Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ միջազգային ջանքերն արդյունք կտան, և մենք աջակցում ենք այդ ջանքերին: Իսրայելը լավ հարաբերություններ ունի նաև Հայաստանի հետ։ Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Եթե խաղաղություն հաստատվի, ապա տարածաշրջանի տնտեսական պոտենցյալը կաճի»,- ասել է նա։
Անդրադառնալով Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացմանը՝ դեսպանը հայտարարել է, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական որոշում պետք է կայացնի Ադրբեջանի կառավարությունը։