Մերձդնեստրը սպասում է Մոսկվայի որոշմանը՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար
Մերձդնեստրի Մոլդավական չճանաչված Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը «Ռուսաստանն այսօր»-ում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մերձդնեստրի՝ ՌԴ-ին անդամակցության հարցը կախված է հենց Ռուսաստանի հնարավորություններից, հայտնում է RIA Novosti-ն։
«Այդ հարցի որոշումը գտնվում է քաղաքական հարթության վրա, գտնվում է կոմպետենտ մարմինների կողմից համապատասխան քաղաքական որոշման ընդունման հարթությունում։ Մենք՝ Մերձդնեստրի բնակիչներս, մեզ համար այդ որոշումը կայացրել ենք հանրաքվեի ժամանակ։ Այն ակնհայտ է, այն բաց է»,- ասել է նա՝ հավելելով, թե ՌԴ Պետդուման քննարկել է հանրաքվեի արդյունքները և անգամ հայտարարություն է ընդունել այն մասին, որ Մերձդնեստրում գործընթացները թափանցիկ են եղել և մարդիկ ինքնակամ են մասնակցել քվեարկությանը։
«Մենք հասկանում ենք, որ այդ շարժումը կարող է լինել փոխադարձ, քանի որ կա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակ։ Այդ մասով Մերձդնեստրը ձգտում է մերձեցման, սակայն դա կախված է նաև Ռուսաստանի հնարավորություններից, և մենք հաշվի ենք առնում այդ յուրահատկությունները»,- հավելել է նա։
Ավելի վաղ Եվգենի Շևչուկը հրաման էր արձակել նախապատրաստվել Ռուսաստանին միանալուն: Հրամանագիրն արձակվել էր 2006 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած հանրապետական հանրաքվեի արդյունքների իրագործման նպատակով:
Իր հերթին՝ Մոլդավայի կառավարությանը կից Վերաինտեգրման բյուրոն Շևչուկի հրամանագիրը համարել էր «անվավեր և վրդովվեցուցիչ»: Մոլդավացի պաշտոնյաների խոսքով` Շևչուկի նախաձեռնությունը խաթարում է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման ջանքերը:
Մերձդնեստրն անկախություն է հռչակել 1990-ականների սկզբին: Ռուսաստանը հանրապետությանը տնտեսական օգնություն է ցուցաբերում: