«Իսկ ձեր կարծիքն ով է հարցնում». Սեյրան Օհանյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սեյրան Օհանյանի պատասխանը «Հրապարակ» օրաթերթին` այն վերնագրելով այսպես. «Իսկ ձեր կարծիքն ով է հարցնում»։ Պատասխանի մեջ մասնավորապես ասված է. «Ընհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում. ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ ` աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը, իշխանության մեջ վատ է ընդունվել:
«Պետական ծառայողը, զինվորականը, պաշտպանության նախարարն իրավունք չունի նման բան ասելու, նա զինվորական է, պետք է կատարի վերադասի հրամանը, ծառայի այնտեղ, որտեղ ասվում է, սա հո պատվերով համերգ չէ՞, որ ընտրի, մի հատ էլ հայտարարի, թե միանշանակ մերժելու է միջազգային կառույցում աշխատելու առաջարկը: Իսկ իր կարծիքն ո՞վ է հարցնում, այ, որ ապրիլյան պատերազմից հետո հեռացնեին, այսօր նման կերպ չէր հոխորտա»,-ասել է թերթի զրուցակիցը: