Ղրղըզստանի նախագահը Թուրքիայից մեկնել է Մոսկվա՝ բուժման նպատակով
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Թուրքիայից մեկնել է Մոսկվա՝ բուժման նպատակով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հաղորդել է Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Մասնագետների խորհրդատվությամբ և ռուսական կողմի հրավերով նախագահը սեպտեմբերի 23-ին ժամանել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահի գործերի վարչության Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ շարունակելու բուժումը այն բժիշկների հսկողությամբ, որոնք ավելի վաղ հետազոտել էին նրան և բուժել սիրտը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ Մոսկվա է ժամանել նաև Ղրղըզստանի նախագահի և կառավարության գործերի վարչության Կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի՝ բուժական մասի գծով տեղակալ, սրտաբան Գուլմիրա Բաիտովան:
Հիշեցնենք, որ Ալմազբեկ Աթամբաևն ավելի վաղ կարճատև արձակուրդի էր մեկնել։ Արձակուրդի պատճառը բժշկական հետազոտության անհրաժեշտությունն էր սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով։
Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Աթամբաևը սրտի հետ կապված խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել ուղևորությունը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստերին։
Նրա վիճակը վատացել էր Ստամբուլի օդանավակայանում՝ Բիշքեկից Նյու Յորք ուղևորվելիս։
Նա երկիրը ղեկավարում է 2011 թվականի դեկտեմբերի 1-ից։