«Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագիրը պետք է ողջունվի». Տիգրան Եգորյան

Ձևավորվել է այնպիսի միջավայր, որտեղ իշխանությունները ստիպված էին գնալ որոշակի զիջումների, որպեսզի որոշ չափով շահեն հանրային վստահությունը կամ առնվազն ցույց տան, որ իրենք պատրաստ են որոշակի քայլեր անել հանրային վստահությունը վերականգնելու համար։

Այս կարծիքին է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, որն այսօր «Քաղհասարակության գնահատականն Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագրին» թեմայով քննարկման ժամանակ նկատեց, որ այդ համաձայնագրի նախաստորագրման համար դեր է ունեցել երկար տարիների աշխատանքը, որ տարվել է։
«Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության կառույցները, դիտորդական  կազմակերպությունները, քաղաքական ուժերը, բազմիցս բարձրաձայնել են, որ Հայաստանում ընտրացուցակները  բացակայող անձանց հաշվին կեղծվում են և օգտագործվում են իշխանության շահերից բխող արդյունքներ արձանագրելու համար։ Դրան տարիներ շարունակ լուծումներ չեն տրվել։ Այս համաձայնագրով որոշակի հիմքեր են դրվում որոշակի մեխանիզմով լուծել այդ առաջ քաշված հարցերը։

Այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, դեռևս պետք է կյանքի կոչվեն, որպեսզի տեսնենք՝ որքանով կարող են գործել և կանխարգելել, բայց տեսականորեն այդ  մեխանիզմները մեզ հույս են տալիս, որ պատշաճ կիրառվելու դեպքում և պատշաճ  իրականացնելու դեպքում իսկապես կարող են կանխարգելել առնվազն ցուցակների հաշվին ուռճացած թվեր ներկայացնելը»,- նշեց Ս. Այվազյանը։

«Իրավունքի Եվրոպա» միավորում հ/կ-ի փաստաբան Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ  այս համաձայնագիրը բազմաթիվ էական խնդիրներ լուծելով՝ իրական հիմքեր է ստեղծում ընտրակեղծարարության դեմ պայքարելու համար, դրա համար «այն պետք է ողջունվի»։

Ըստ նրա՝ համաձայնագրի ամենակարևոր կետերից է ստորագրված ցուցակների հրապարակման մասին կետը, այն էլ՝ իրենց կողմից ներկայացված մեթոդով և մեխանիզմներով հրապարակման փաստը, որն «էապես հնարավորություն կտա կանխարգելելու այլ անձանց փոխարեն քվեարկությունները, լցոնումները։
«Քրեական օրենսդրության խստացումն է բավականին էական, էլեկտրոնային քարտերով գրանցում իրականացնող տեխնիկական մասնագետների բաց մրցույթները, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։ Սա ռեալ հնարավորություն է տալիս ակտիվ աշխատանքի արդյունքում քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչների գործուղել այդ ընտրական պրոցեսին մասնակցելու և կազմակերպելու»,- նշեց Տ. Եգորյանը։

Նրա խոսքով՝  այս ամենը կյանքի կոչելու համար իշխանությունից և նաև այս գործընթացին մասնակցող մյուս շահագրգիռ կողմերից իրական ջանադրություն է պահանջվելու. «Մասնավորապես, իշխանությունը պետք  է ստույգ երաշխիքներ տրամադրի հանրությանը, որ այն բոլոր համակարգերը և միջոցները, որոնք անհրաժեշտ են հրապարակված ցուցակների ստուգման համար, պետությունն ունի, և դրանք գործում են լիարժեքորեն»։

Տեսանյութեր

Լրահոս