«Եթե դու աշխատում ես միայն մի երկրի հետ ու միայն մի համակարգում, այդ մարտահրավերներին հնարավոր չէ պատասխանել»
Հայաստանը պետք է շարունակի տարբեր ծրագրերի իրականացումը ՆԱՏՕ-ի հետ: «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«ՆԱՏՕ-ն մեզ օգնում է, որպեսզի մեր բանակի կառավարումն ուժեղանա, կապի հնարավորությունները զարգանան, այլ ծրագրեր է իրականացնում: Մենք պետք է շարունակենք այդ ծրագրերը, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ մարտահրավերները շատանում են, իսկ եթե դու աշխատում ես միայն մի երկրի հետ ու միայն մի համակարգում, այդ մարտահրավերներին հնարավոր չէ պատասխանել»,- նշեց քաղաքագետը:
Ս. Գրիգորյանի խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը պետք է դաս լինի հայկական կողմի համար: «Որքան էլ մենք հուժկու հակահարված տվեցինք հակառակորդին, բայց ինչ-որ չափով մենք պատրաստ չէինք այդ պատերազմին: Դրա համար և անվտանգության, և տնտեսության ոլորտներում պետք է դիվերսիֆիկացիա լինի: Մենք աշխատել ենք ՆԱՏՕ-ի հետ, համագործակցել ենք, միշտ կողմնակից ենք նաև, որպեսզի Հայաստանը ակտիվ համագործակցի նաև Եվրամիության հետ: Մենք պետք է աշխատենք հնարավորինս շուտ Եվրամիության հետ ստորագրել համագործակցության նոր համաձայնագիրը՝ մեր երկրի անվտանգության ն կատառումներից ելնելով»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Նրա գնահատմամբ՝ վտանգ կա, որ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ ուղղված նոր քայլերի կգնա, ուստի հարկավոր է դիվերսիֆիկացնել անվտանգության համակարգը՝ աշխատելով ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ: