Գերմանիայի կառավարությունը որոշել է հեռու մնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից. Spiegel
Գերմանական Spiegel թերթի տեղեկություններով` Գերմանիայի կառավարությունը պլանավորում է հրապարակավ հեռու մնալ այս տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևից, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն:
Փոխարենը Թուրքիան չեղյալ կհայտարարի Թուրքիայի արևելքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի խորհրդարանականների այցի նկատմամբ սահմանված արգելքը:
Այս հարցի վերաբերյալ համաձայնությունը Անկարայի հետ արդեն ձեռք է բերվել: Ինչպես հայտնում է Spiegel-ը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, Գերմանիայի կանցլերի վարչակազմն ու Գերմանիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են, որ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերթը հանդես կգա մամուլի առաջ և հայտարարություն կանի այն մասին, որ Գերմանիայի կառավարությունը հետ է քաշվելու տվյալ բանաձևից:
Պարբերականը գրում է, որ երկար ժամանակ Գերմանիայի կոալիցիոն կառավարության ներսում բանակցություններ էին ընթանում այն մասին, թե ով հանդես կգա բանաձևի վերաբերյալ նման հայտարարությամբ:
Սակայն ո´չ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ո´չ կանցլեր Անգելա Մերկելը չեն ցանկացել իրենց վրա նման դեր վերցնել, քանի որ դա հասարակությունը կընկալեր որպես ծնրադրություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջ:
Ինչպես գրում է Spiegel-ը, Մերկելի և Շտայնմայերի դիրքորոշման փոփոխություն փաստացի տեղի չի ունեցել Բունդեսթագի բանաձևի նկատմամբ: Երկու քաղաքական գործիչներն էլ կարծում էին, որ Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը այնքան էլ «լավ գաղափար չէ»:
Ավելի վաղ Der Spiegel-ը հայտնել էր, որ թուրքական կողմը պատրաստ է թույլատրել այցը, եթե Գերմանիայի կառավարությունը հետ քաշվի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից:
«Մենք կարող ենք համակերպվել այն փաստի հետ, որ Բունդեսթագն ընդունել է նման որոշում, սակայն Գերմանիայի կառավարությունը պետք է հասկացնի, որ «ցեղասպանություն» եզրը իրավական նշանակություն չունի»,- մեկնաբանել է թուրք բարձրաստիճան դիվանագետը:
Պարբերականը գրել էր, որ Գերմանիայի ԱԳՆ-ն փորձում է որոշում գտնել, որը թույլ կտա բոլոր կողմերին «պահպանել դեմքը»: