Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է հանցագործությունների մեջ

Իրանի հասցեին մեղադրանքները Եմենին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ, սին են ու անհիմն: Այս մասին ասվում է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարության մեջ, հայտնում է իրանական FARS գործակալությունը:

«Նման մեղադրանքները սին են ու անհիմն: Անկասկած, պարոն Քերին մյուսներից ավելի լավ է տեղյակ, որ վերջին մեկուկես տարում Սաուդյան Արաբիան ձախողել է բոլոր ջանքերը, որոնք ուղղված էին Եմենում կրակի դադարեցմանը: Միացյալ Նահանգները Եմենում անմեղ մարդկանց դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած հանցագործությունների մասնակիցն է: Վաղուց ժամանակն է, որ ամերիկյան վարչակազմը դասեր քաղի սխալներից, որ թույլ է տվել Իրաքում և Սիրիայում և ընդունի առկա իրականությունը»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

«Պարոն Քերին պետք է լավ տեղյակ լինի տարածաշրջանում ահաբեկչության նախադրյալների, դրա ֆինանսավորման աղբյուրների և ծայրահեղական գաղափարախոսության մասին:

Անկասկած, ԱՄՆ վարչակազմը, հովանավորելով տարածաշրջանի որոշ ուժերի և աչք փակելով իրերի դրության վրա, դարձնում է տարածաշրջանային իր քաղաքականությունն ավելի պակաս հեղինակավոր և վստահության արժանի»,- ասված է Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս