Իտալիայի կառավարությունը մտադիր է վերականգնել երկրաշարժից տուժած քաղաքները
Իտալիայի կառավարությունը՝ վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորությամբ, մտադիր է տեսանելի ժամկետներում վերականգնել կենտրոնական Իտալիայում երկրաշարժից տուժած քաղաքները: Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել է երկրի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարար Գրացիանո Դելրիոն:
«Յուրաքանչյուր երկրաշարժ իր պատմությունն ունի, եւ ես չեմ ցանկանում դա համեմատել 2009 թվականին Ակվիլայում տեղի ունեցածի հետ: Որոշումն ընդունելու են տուժած քաղաքների քաղաքագլուխները, եւ, կարծում եմ՝ նրանք չեն ցանկանա կառուցել նոր քաղաքներ, այլ կվերականգնեն իրենցը, եւ մենք ցույց կտանք ամբողջ անհրաժեշտ օգնությունը»,– ասել է նախարարը:
Նա ճշտել է, որ տարերքի հետեւանքների վերացման հետագա գործողությունների վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի արտակարգ դրության ավարտից հետո: «Խնդիրն այն է, որ վերականգնման համար շատ ավելի ժամանակ է պահանջվում, քան նոր քաղաքի կառուցման համար: Կարեւոր է ամենակարճ ժամկետներում բնակչությանն ապահովել հիմնական ծառայություններով. երեխաները պետք է ուսումնական տարվա սկզբին նստեն դպրոցական նստարաններին»,- նշել է նախարարը:
Մասնագետների հաշվարկներով՝ Իտալիային 360 միլիարդ եվրո է անհրաժեշտ հին տների վերակառուցման համար՝ երկրաշարժերի պոտենցիալ ռիսկի գոտիներում անվտանգության արդի նորմաների հաշվառմամբ: Դելրիոյի խոսքով՝ «երկարաժամկետ հեռանկարում դա պետք է արվի»: Նախարարը հայտնել է, որ միայն 2010-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակահատվածում կառավարությունը 4 միլիարդ եվրո է ծախսել բնական համաղետների հետեւանքով քանդված շենքերի վերականգնման համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: