Բաժիններ՝

Հայկական Volt ստարտափը կօգնի գտնել սպասարկման ոլորտի մասնագետներին ձեր իսկ ցանկացած գնով

Վերջերս տեղի ունեցած Sevan Startup Battle-ի ժամանակ ներկայացված 10 ստարտափներից լավագույն եռյակում տեղ էր գտել Volt ստարտափը: Ժյուրիի անդամների խոսքով՝ Volt-ը ստարտափ է, որն ունի մեծ ապագա և կարող է մեծ հաջողություններ ունենալ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում:

168.am-ն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է Volt-ին: Գործարկումից ամիսներ անց ստարտափում կան մի շարք նորություններ, որոնց մասին զրուցել ենք ստարտափի հիմնադիրների հետ:

Առաջին հերթին պետք է նշել, որ ընդլայնվել է ստարտափի թիմի կազմը: Դավիթ Խաչատրյանին և Մինաս Քեշիշյանին է միացել «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանը:

Վերագործարկվել են ստարտափի հավելվածները՝ Android և iOS տարբերակներում: Գործում է նաև ստարտափի web տարբերակը:

Կարդացեք նաև

Ստարտափի համահիմնադիր Մինաս Քեշիշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստարտափն այժմ գործում է միայն Երևանում, սակայն հետագայում ընդլայնվելու է դրա աշխարհագրությունը: Սկզբնական շրջանում հավելվածը կտարածվի Հայաստանի այլ քաղաքներում, այնուհետև կգործարկվի միջազգային հարթակում՝ Վրաստանում, Իսրայելում, Ռուսաստանում և այլն:

Volt

Volt-ում այժմ հնարավոր է օգտվել 12 ոլորտի աշխատողների ծառայություններից: Աշխատանքի որակը երաշխավորվում է հենց այս ծառայության կողմից: Բացի այդ, ծառայությունն ընտրելուց զատ՝ կարող եք ընտրել նաև ծառայության գինը: Առաջարկվում է աշխատանքի երեք բարդություն՝ փոքր, միջին և մեծ: Այս բարդությունից կախված էլ փոփոխվում է ծառայության գինը: Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է միայն կատարել պատվերը, որից հետո մի քանի րոպեների ընթացքում ձեզ կտրամադրվեն համապատասխան մասնագետի կոնտակտները:

Նախագծի համահիմնադիր Դավիթ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար հատկապես կարևոր է նախագիծն իրականացնել Հայաստանում: Դավիթ Խաչատրյանը երկար տարիներ ապրել է Հայաստանից դուրս, սակայն նշում է, որ իր համար շատ կարևոր է այն զարգացնել Հայաստանում:

«Հայաստանը իմ տունն է, ու այստեղի մարդիկ լավ մարդիկ են, ովքեր արժանի են լավ կյանքի»,- նշում է Դավիթ Խաչատրյանը:

Սկզբնական շրջանում Մինաս Քեշիշյանն ու Դավիթ Խաչատրյանը աշխատել են մի ծրագրի վրա, որի միջոցով մարդիկ կապվում էին իրար հետ և քննարկումների միջոցով օգնում էին տարբեր հարցերում: Հենց այդտեղից էլ առաջացել է Volt հավելվածի գաղափարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս