«Սահմանադրական հանրաքվեն կծառայի Ադրբեջանում կայունության ամրապնդմանը» Ադրբեջանի ԿԸՀ նախագահ

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազաիր Փանախովը սեմինար-խորհրդակցություն է անցկացրել  շրջանային ընտրական հանձնաժողովների ղեկավարների հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Վերջինս հայտարարել է, որ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ունենալու է պատմական նշանակություն:

«Հանրաքվեն կծառայի Ադրբեջանում կայունության պահպանմանը: Ադրբեջանն արագ է զարգանում: Մենք պետք է այդ հանրաքվեն անցկացնենք բարձր մակարդակով»,- ասել է նա:

Փանախովի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարկանիշը շատ բարձր է:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է միջամտել ինչ-որ երկրի ներքին գործերին, ապա նա դա անում է ընտրությունների միջոցով: Մենք չպետք է առիթ տանք ուժերին և մարդկանց, որոնք չեն սիրում Ադրբեջանը: Պետք է ձգտենք, որ հանրաքվեն Ադրբեջանի պատմության մեջ գրվի ոսկե տառերով»,- հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահը:

Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի լիազորություններն ընդլայնող հանրաքվեն կանցկացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-¬ին:

Փոփոխությունները բացահայտ ուղղված են նախագահի՝ առանց այն էլ լայն լիազորությունների ընդլայնմանը: Ադրբեջանի Սահմանադրական դատարանը  հուլիսի 25-ի նիստում կարծիք է հայտնել, որ երկրի նախագահի նախաձեռնությամբ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը չի հակասում Սահմանադրության պահանջներին:

Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի հիմնում: Ադրբեջանում գործող օրենսդրության հետ փոփոխության տարբերությունն այն է, որ եթե երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, ապա առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարը՝ առանց համաձայնեցման:

Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու և պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:

Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են նաև խորհրդարանին. առաջարկվում է պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25 տարեկանից հասցնել 18-ի:
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 21-ին:

Տեսանյութեր

Լրահոս