«Կհրահրվի պատերազմ, որից հետո խաղաղապահներ տեղակայվեն՝ կանխելու համար պատերազմի ավելի մեծ էսկալացիան». Արա Պապյան

Մեր զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը

– Պարոն Պապյան, ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի իր գործընկերների հետ մոսկովյան հանդիպումներից հետո մեկնեց Բաքու՝ Ալիևի հետ հանդիպման: Այս հանդիպումների ինտրիգը ո՞րն է, ի՞նչ են նրանք քննարկում:

– Ռուսական մամուլում վերջին շրջանում եղել են հրապարակումներ, որ պետք է հակամարտության գոտում տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր: Ես չեմ կարծում, որ նման հրապարակումները պատահական են, այլ հաստատ ինչ-որ հիմքեր ունեն, առավել ևս, որ դա ամրագրված է Կազանի փաստաթղթով, որի մասին Սերժ Սարգսյանն է ասել, որ տվել է իր համաձայնությունը: Ես կարծում եմ, որ դա հենց դրա հետ կապ ունի, այսինքն՝ ռուսական խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայում հակամարտության գոտում:

– Այդ դեպքում կարո՞ղ ենք ենթադրել, որ ՌԴ նախագահ Պուտինն էլ էր դա օրեր առաջ քննարկել Բաքվում Ալիևի հետ հանդիպման ընթացքում և այդ քննարկման մասին հետո Մոսկվայում տեղյակ պահեց Սերժ Սարգսյանին:

– Իհա՛րկե կարող ենք ենթադրել: Այսինքն՝ եթե մի բանի մասին պաշտոնապես չի հրապարակվում, դեռևս չի նշանակում, որ դա գոյություն չունի:

– Հայկական կողմի դիրքորոշումը ո՞րն է և ի՞նչ ունենք հակազդելու դրան:

– Ես չգիտեմ՝ հայկական կողմի դիքորոշումը որն է, որովհետև իրարամերժ հայտարարություններ են արվում, մի կողմից՝ ասվում է, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, հետո ոչ պաշտոնական կերպով անընդհատ ասում են՝ «չէ՛, չէ՛, ի՞նչ եք ասում, հնարավոր չի, որ հողեր զիջվեն», բայց մյուս կողմից էլ՝ մենք տեսնում ենք, որ տարբեր քննարկումներ և հրահանգներ է գնում, կրկին ոչ բացահայտ, որոնցից ակնհայտ է դառնում, որ տարածքներ զիջելու հստակ ծրագիր կա: Այսինքն՝ տեղի է ունենում, նույնիսկ՝ ոչ թե գաղտնի, այլ ծածուկ քաղաքականություն, որը սխալ է:

– Վաղը Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ այդ հարցը կբարձրացվի՞, թե՞ ՀԱՊԿ-ն կապ չունի խաղաղապահների հարցի հետ:

– ՀԱՊԿ-ն կապ ունի, որովհետև կարծում եմ, որ այդ մանդատը, որով պետք է զորքեր տեղակայվեն, դա հավանաբար լինելու է ՀԱՊԿ մանդատը և ՀԱՊԿ զորքեր: Կարծեմ՝ սեպտեմբերին տեղի է ունենալու պետության ղեկավարների հանդիպում, որի ժամանակ ավելի ռեալ կքննարկվի խաղաղապահների հարցը, եթե մինչ այդ մեզ չհաջողվի դա չեզոքացնել:

– Ո՞ւր մնաց հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ Վիեննայի պայմանավորվածություններից մեկը, որոնց կատարման պատրաստակամություն Սերժ Սարգսյանը հայտնել էր Մոսկվայում:

– Եթե խաղաղապահներ են տեղակայվում, էլ ի՞նչ հետաքննության մեխանիզմներ: Խոսքը գնում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի խմբերի մեծացման մասին, որ 6 հոգուց կդառնա 18 հոգի, կասեն՝ 3 անգամ շատացել է: Բայց դա ընդամենը դիտորդական խումբ է, ոչ ավելի: Այսինքն՝ դա և մեխանիզմների ներդրումը կարող է լինել խաղաղապահներին զուգահեռ, բայց արդեն անիմաստ կդառնա, եթե խաղաղապահներ տեղակայվեն: Այդ դեպքում սարքավորումներն էլ ի՞նչը պետք է հսկեն: Երբ Սարգսյանն ասում է՝ մենք մեր պայմանավորվածություններին հավատարիմ ենք մնում, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Ելնելով ռուսական մամուլում հրապարակումներից և Հայաստանում ընթացող գործընթացներից, մենք սկսում ենք հասկանալ, որ խոսքը վերաբերում է տարածքները զիջելու և խաղաղապահներ տեղակայելու մասին: Մյուս կողմից էլ՝ կիսատոներով ասվում է՝ չէ՛, խոսքը Վիեննայի պայմանավորվածությունների մասին է, և այլն: Սակայն այստեղ կիսատոների տեղը չէ, այստեղ հստակ պետք է ասվի՝ ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:

– Առանց Արցախի համաձայնության՝ հնարավո՞ր է որևէ խաղաղապահ տեղակայել:

– Այո, հնարավոր է: Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ 2011թ.-ին համաձայնություն է տվել Կազանի փաստաթղթին: Այդ ժամանակ չի եղել, չէ՞, Արցախի համաձայնությունը: Դրանից հետո մենք Արցախի կողմից որևէ բողոք, որևէ բան չենք լսել, որ ասեն՝ պարոն Սարգսյան, ի՞նչ իրավունքով եք 2011թ.-ին տվել համաձայնություն մի փաստաթղթի՝ առանց մեր համաձայնության: Այսինքն՝ դա միանգամայն հնարավոր է, և, եթե անցյալում հնարավոր է եղել, ապա ինչո՞ւ հնարավոր չի ապագայում:

– Ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հակամարտության գոտում ինչպե՞ս կդիտեն Արևմուտքում, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ում:

– Վատ կդիտեն, բայց եթե դա իրականացվի պատերազմի ձևով, այսինքն՝ կանխարգելի մեծ արյունահեղությունը, ստիպված կընդունեն՝ ասելով, որ չարյաց փոքրագույնը դա է: Այսինքն՝ հրահրվի պատերազմ, և դրանից հետո խաղաղապահներ տեղակայվեն՝ կանխելու համար պատերազմի ավելի մեծ էսկալացիան: Այդ դեպքում կընդունեն:

– Իսկ այդ խաղաղապահների տեղակայումը հայկական կողմի համար ի՞նչ հետևանքներ կունենա:

– Կունենա այն հետևանքը, ինչ տեղի է ունեցել 1920 թ. օգոստոսի 10-ի հայ-բոլշևիկյան կամ հայ-ռուսական համաձայնագրից հետո, երբ մենք համաձայնեցինք, որ ռուսական զորքերը ժամանակավոր վերասկողության տակ վերցնեն Զանգեզուրը, Նախիջևանն ու Ղարաբաղը, որից հետո Նախիջևանն ու Ղարաբաղը տրվեցին Ադրբեջանին, Զանգեզուրն էլ մի կերպ պահեցինք՝ շնորհիվ Նժդեհի: Տեղի կունենա նույն պատմությունը, ռուսները դա կհանձնեն Ադրբեջանին:

Տեսանյութեր

Լրահոս