Բաժիններ՝

«Մենք էլի նույն ձեռագրին ականատես եղանք, ինչ 2008 թվականին». Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան

«Հովսեփ Խուրշուդյանը ձերբակալվել է դեպքից կես ժամ անց»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, Հովսեփ Խուրշուդյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը:

Նա ասաց, որ այն, որ նախաքննության մարմինը փորձում է ներկայացնել, որ իր պաշտպանյալը և մյուսները փախուստի են դիմել, չի համապատասխանում իրականությանը, որովհետև նրանք ուղղակի փորձել են իրենց կյանքը փրկել. «Մենք տեսել ենք տեսանյութերում՝ ինչ կարգի բռնություն է կիրառվում մարդկանց նկատմամբ, և բռնություն կիրառողները ոչ միայն ոստիկաններ են, այլև քաղաքացիական համազգեստով անձինք: Կոնկրետ Հովսեփ Խուրշուդյանի՝ տվյալ տուն մտնելու նպատակը եղել է այն, որ Անուշ անունով մի աղջիկ վնասվածք է ստացել, և ներս են տարել, առաջին օգնությունն են ցույց տվել, և Խուրշուդյանը հենց ինքն է այդ աղջկան տարել և շտապ օգնության մեքենա նստեցրել, դա մոտ կես ժամ տևել է: Մոտ կես ժամ անց այդ տուն են ներխուժել Ոստիկանության աշխատողներ և տանից հանել են մոտ 10-13 հոգի անձանց: Այդ ժամանակ Ոստիկանության բարձրաստիճան անձինք մատնանշել են Հովսեփ Խուրշուդյանին ու ասել են, որ իրեն էլ պետք է տանեն: Այսինքն՝ Խուրշուդյանին ճանաչել են»:

Ս. Սաֆարյանը նկատեց, որ Հ. Խուրշուդյանին վերցրել են ոչ թե բուն դեպքի պահին, այլ մոտ կես ժամ անց՝ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ. «Ժամը 23:45 կազմվել է զեկուցագիր Ոստիկանության աշխատողի կողմից, որ զենք-զինամթերքի կասկածանքով Ոստիկանություն բերման են ենթարկել Հովսեփ Խուրշուդյանին, սա՝ մեկ զեկուցագիր, որից երևում է, որ Խուրշուդյանը ժամը 23:45 րոպեին արդեն բերման է ենթարկվել: Այնուհետև, Աշտարակի ոստիկանությունում ծնվել է ևս մեկ բերման ենթարկելու որոշում, համաձայն որի՝ Խուրշուդյանը բերման է ենթարկվել ժամը 1-ին: Այնուհետև 3:50-ին Քննչական կոմիտեի քննիչը ձերբակալման արձանագրություն է կազմել, որից երևում է, որ 3:50-ին նրա նկատմամբ ձերբակալման արձանագրություն է կազմվել: Այսինքն՝ այս անօրեն գործողությունները և այս երեք փաստաթղթերը, բովանդակային առումով էլ իրար չեն համադրվում»:

Պաշտպանը նկատեց, որ ամսի 30-ի դրությամբ կոնկրետ նրա նկատմամբ որևէ կասկած չի եղել, բայց ամսի 31-ի երեկոյան Ոստիկանության 2 աշխատողներ ցուցմունք են տվել, որ Խուրշուդյանը քար է նետել ոստիկանի ուղղությամբ, և այս ոստիկաններն ասել են, որ իրենք չենք կարող ասել, թե կոնկրետ որ մասում է դա եղել, որովհետև իրենք Սարի թաղը լավ չեն պատկերացնում:

Կարդացեք նաև

«Ես գտնում եմ, իհարկե, սա քաղաքական հետապնդում է, որովհետև այս մոտավոր բնույթի հասկացությունները, որոնք ձևակերպվել են՝ որպես գործողություններ, որևէ փաստական և իրավական հիմք չեն ունեցել, և, փաստացի, մենք էլի նույն ձեռագրին ականատես եղանք, ինչ 2008 թվականին: Սա անթույլատրելի իրավիճակ է, առանցքային գործողությունը Ոստիկանության գործողությունները վիճարկելն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս