«Ինչ կլիներ, եթե ՊՊԾ գնդի տարածքի զենքը դուրս գար Երևանի փողոցներ». Նիկոլ Փաշինյան

«Վերջին տարիներին հրապարակային քաղաքական տարաձայնությունների մեջ եմ եղել Ժիրայր Սէֆիլյանի հետ, և այնքան խորն են եղել այդ տարաձայնությունները, որ նույնիսկ անիմաստ ենք համարել հանդիպել ու քննարկել: Բայց երբ իրեն ձերբակալել էին, ու ես այցելեցի իրեն, մեր միջև շատ ջերմ անձնական հարաբերություններ էին»,- այսօր իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Խորենացի փողոցում իր առաջարկած «բաց ձեռքերի» քաղաքականությանը, նշեց, որ քաղաքացիների անվտանգությունը պահել՝ նշանակում է՝ իշխանությանը չտալ առիթ, որ նա ժողովրդի վրա հարձակվելու ֆորմալ պատճառաբանություն ունենա. «Բաց ձեռքերով մենք ոչ թե հանձնվում էինք Ոստիկանությանը, այլ զինաթափում էինք Ոստիկանությանը, իշխանությանը: Բաց ձեռքերի քաղաքականությունն անձամբ իմ քաղաքական հավատամքն է»:

Պատգամավորի խոսքով՝ հակաճգնաժամային խումբը չէր կարող քաղաքական պատասխանատվությունը ստանձնել. «Ինձ համար ակնհայտ էր, որ լինել այդտեղ՝ նշանակում է՝ համաձայնել կանխորոշված պարտությանը: Ոչ մի ռազմավարական գիծ այդտեղ չկար, նրանք միայն ասում էին՝ պետք է գնանք՝ ճեղքենք-միանանք «Սասնա ծռերին»: Հասկանո՞ւմ եք՝ ինչ էր դա նշանակում: Եթե ՊՊԾ գնդի տարածքի զենքը դուրս գար Երևանի փողոցներ, ի՞նչ էր լինելու: Մեր ուզածն ի՞նչ է՝ Հայաստանում իրականացնել քաղաքական փոփոխություններ, որ մեր երկիրը կդնի կայուն զարգացման վրա՞, թե՞ ուղղակի ստեղծել անկառավարելի վիճակ, քաոս: Ես այս երկրորդ տարբերակին որևէ կերպ չեմ կարող կողմնակից լինել»:

Փաշինյանը համոզված է՝ «Սասնա ծռերի» տղաներին հարյուրավոր մարդիկ ասել են՝ եթե զենք վերցնեք, ձեր կողքին կլինենք.«Բայց ի՞նչ եղավ արդյունքում: Ժողովուրդը դուրս եկավ փողոց այն ժամանակ, երբ տեսավ քաղաքական օրակարգ, քաղաքական պրոցես: Ես համոզված եմ՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը քաղաքական, խաղաղ, անարյուն ճանապարհով փոփոխությունների կողմնակիցն է»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ երբեք իրեն չի պատկերացրել Հայաստանի ներքաղաքական հարցերը զենքով լուծողի դերում. «Բայց մյուս կողմից՝ ես հասկանում էի նաև, որ սա ուրիշ վիճակ է, չի կարելի օրթոդոքս մոտեցում ցուցաբերել, որովհետև առաջին քաղաքական պահանջը, որ առաջ էր քաշել «Սասնա ծռեր» խումբը, մեզ համար ոչ միայն ընդունելի էր, այլև դա մեր քաղաքական ծրագրային կարևորագույն դրույթներից մեկն էր: Եվ մեզ համար խնդիր էր՝ ինչպես աջակցել այդ պահանջին՝ չոտնահարելով նախկինում ստանձնած մեր պարտավորությունները և մեր հռչակած սկզբունքները: Մենք գտանք այդ լուծումը, եկանք հարթակ ու դա դարձրինք քաղաքական օրակարգ, այդ քաղաքական օրակարգն ապահովեց մարդկանց հոսքը դեպի հրապարակ, ու այդ ժամանակ, երբ պետք է դա արդեն բերեր մաքսիմումի, արվեցին գործողություններ, որոնք հակառակ պրոցեսն ապահովեցին: «Սասնա ծռեր» խմբի քաղաքական բովանդակությանն ապահովել ենք այնպիսի աջակցություն, ինչպիսին որևէ այլ ուրիշ սուբյեկտ չի ապահովել»:

 

Տեսանյութեր

Լրահոս