Ոստիկանությունը սպառնում է բերման ենթարկել երթի մասնակիցներին
Այսօր Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքից հետո «Սասնա ծռերի» ձերբակալված անդամների պաշտպանությանն ուղղված երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, ապա՝ Ամիրյան փողոցով ուղղվեցին Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ Ազատության հրապարակ:
Ցուցարարները կոչ էին անում ՀՀ քաղաքացիներին միանալ իրենց և ցույց տալ, որ «Սասնա ծռերի» զոհողությունը զուր չի անցել, վանկարկում էին «Սեր-ժիկ, հեռացիր», «մենք Սասնա ծուռ ենք», «մի-ա-ցեք», «մենք ենք տերը մեր երկրի»: Երբ երթի մասնակիցները հասան Թումանյան-Մաշտոց խաչմերուկ, ոստիկանները շղթա կազմեցին և փակեցին Մաշտոցի պողոտայով նրանց ճանապարհը՝ պահանջելով մտնել Ազատության հրապարակ և սպառնալով, որ հակառակ դեպքում չենթարկվողներին բերման կենթարկեն: