Բաժիններ՝

ԱՄՆ-ն հերքում է իր առնչությունը Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «բացարձակ սուտ» է անվանել ԱՄՆ-ի առնչությունը Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը կապ չունի թուրքական ձախողված ապստամբության հետ:

Քերիի խոսքով՝ Անկարայի հրապարակային հայտարարություններն այդ հաշվով վնաս են հասցնում ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրների հարաբերություններին:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ զրույցում Քերին «բացարձակ սուտ» է անվանել նման կարգի մեղադրանքները՝ ուղղված Վաշինգտոնի հասցեին, տեղեկացրել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել էր, որ ԱՄՆ-ում բնակվող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է երկրում զինված հեղաշրջում անելու փորձի մեջ, Թուրքիա արտահանձնելու համար Անկարան պետք է ներկայացնի նրա մեղքն ապացուցող ապացույցներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Թուրքիա արտահանձնել Գյուլենին:

«Ես դիմում եմ ԱՄՆ նախագահին: Ես ասում էի, որ դուք կա՛մ արտաքսեք այդ մարդուն, կա՛մ արտահանձնեք, սակայն ինձ չլսեցին: Հիմա՝ հեղաշրջման այդ փորձից հետո, ես դարձյալ ասում եմ՝ նրան արտահանձնեք Թուրքիա: Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ապա դուք պետք է կատարեք մեր խնդրանքը»,- հայտարարել է Էրդողանը:

Անձամբ Գյուլենը շաբաթ երեկոյան դարձյալ հայտարարել է, որ խռովությանն առնչություն չունի:

Ավելի վաղ քարոզիչը հասցրել էր դատապարտել երկրում հեղաշրջման փորձը: Օբաման դեռ չի մեկնաբանել Գյուլենին արտահանձնելու Անկարայի խնդրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս