Քառօրյա պատերազմի ազդեցությունը տուրիզմի վրա երկարաժամկետ առումով գուցե հետևանքներ ունենա
Ապրիլյան դեպքերը կարճաժամկետ իմաստով չեն ազդել Հայաստանում ներգնա տուրիզմի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Մարինե Կպրեյանը նշեց, որ իրենք այդ ժամանակահատվածում ունեցել են անգամ պլանավորված տուրեր դեպի Արցախ, որոնք չեղյալ չեն համարվել:
«Բնականաբար, մենք բոլորս շատ մտահոգված էինք այդ իրադարձություններով, բայց անսպասելի ոչ մի մերժում չի եղել Հայաստան գալու հետ կապված: Մեր ընկերությունը և շատ ընկերություններ ևս զբաղվում ենք նախապես ամրագրելով տուրիստական խմբերի այցերը: Դա նշանակում է՝ բոլոր խմբերը նախապես ամրագրել են այցը դեպի Հայաստան, ի ուրախություն մեզ՝ մենք չենք ունեցել ոչ մի մերժում: Անմիջապես պատերազմից 2-3 օր անց մենք ունեինք նախատեսված այց դեպի Արցախ Անգլիայից, շատ անհանգստացած էինք, խմբին այլընտրանք առաջարկեցինք, ամբողջ խումբը, իրենց ղեկավարի հետ, ասացին, որ իրենց մոտ նախատեսված է, և իրենք մեծ սիրով կայցելեն»,- նշեց Մ. Կպրեյանը:
Նա ընդունեց, որ հնարավոր է՝ ավելի մեծ այցելություններ լինեին, ու չեղան, բայց նախատեսված ամրագրումներից մերժումներ չեն եղել:
Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ դեռևս շուտ է խոսել այցելուների աճի կամ անկման մասին: Նա նկատեց, որ ապրիլյան դեպքերը եղան տուրիստական սեզոնի հենց սկզբում. «Ես համաձայն եմ, որ հենց այդ ժամանակահատվածում արդեն ամրագրված խմբերը գրեթե չհրաժարվեցին Հայաստան գալուց: Վախենամ, որ դրա ազդեցությունը եղավ արդեն երկրորդ եռամսյակում, և, իհարկե, պետք է համաձայնեմ այն մտքի հետ, որ անցյալ տարի մենք որոշակի անկում արձանագրեցինք, այս տարի առայժմ աճ արձանագրել չենք կարող: Ոլորտը գտնվում է դժվար վիճակում»:
Հ. Հակոբյանի խոսքով ՝ոչ կազմակերպված տուրիզմի վրա այդ դեպքերն ազդեցություն ունեցան. «Անցյալ տարի եղավ Ցեղասպանության 100-ամյակը, և ապրիլ ամիսը այցելուների առումով գերազանցեց մյուս տարիներին: Դա՝ միայն ապրիլ ամիսը, բայց պատկերացրեք, որ այդ նույն ապրիլ կամ մայիս ամիսն այս տարի չի եղել, այսինքն՝ հիմա մենք տարվա վերջում կկարողանանք ավելի ճշգրիտ ասել, բայց չեմ ակնկալում, որ այցելուների թվի աճ կլինի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: