«Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն». Արմեն Աշոտյան

«Չենք ուզում լինել Կոմունիստական կուսակցություն, չենք եղել և չենք լինելու»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու և Սամվել Բալասանյանին առաջադրելու մասին:

Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքական ուժ խոշոր քաղաքներում, բնակավայրերում պետք է ներկայացված լինի ընտրություններին, հատկապես՝ ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում. «Ակնհայտ է, որ քաղաքական տեսակետից ՀՀԿ-ն ունի վերլուծական լուրջ կարողություններ, որպեսզի կարողանա շեշտը դնել այդ պահի դրությամբ ամենուժեղ ու, ըստ մեր վերլուծությունների, հաղթող թեկնածուի վրա: Այս ընտրություններն անձնավորված են, բայց անձի ընտրություններ չեն, ակնհայտ է, որ ընտրությունները քաղաքական են, ցուցակով են»:

Ա. Աշոտյանը նկատեց, որ Սամվել Բալասանյանը քաղաքական տեսակետից գուցե իր գործունեության մեջ տեղ է թողել, որպեսզի լրագրողներն անդրադառնան իրեն, իրենց համար կարևոր է, որ «գյումրեցին այս տարիների ընթացքում տեսել է ու բարձր է գնահատել գործող քաղաքապետի կազմակերպչական ջիղը, նվիրվածությունը քաղաքին»:

Անդրադառնալով նրան, թե ինչո՞ւ չունեն ՀՀԿ-ական թեկնածու՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ քաղաքական դաշտն այնպիսին է, որ չի կարելի ենթադրել, որ բոլոր պաշտոններին կարող են լինել բացառապես քո կուսակից ընկերները:

Կարդացեք նաև

«Մենք չունենք այն վատ ավանդույթը, որ անպայման բոլորը պետք է լինեն ՀՀԿ-ական, մենք միշտ ներգրավել ու ներգրավելու ենք լավագույն կադրերին երկրի պետական կառավարման համակարգի մեջ: Չենք ուզում լինել Կոմունիստական կուսակցություն, չենք եղել և չենք լինելու: Չզարմանաք, եթե ՀՀԿ-ի հետ աշխատող կամ աշխատած քաղաքական ուժերը մոտ ապագայում նույնպես Գյումրիում մեզ հետ միասին գնալու մասին հայտարարություններ ընդունեն»,- հայտարարեց Ա. Աշոտյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե ՀՀԿ-ն կոմպլեքս չունի՞ ԲՀԿ-ի կադրերին աջակցելուց, Ա. Աշոտյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ ինչո՞ւ եք պարբերաբար ուղղությունը տանում դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն. կարծում եմ՝ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս