«Դա ցույց է տալիս, որ երկու գերտերությունների ղեկավարները հրապարակային մակարդակում չունեն հակասություններ»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բանակցությունների վերսկսումը համարում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման և դեպի խաղաղություն տանող ուղի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե պետք է ամփոփվեն երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքներն ու նշվեն ԼՂ հարցի կարգավորման մեխանիզմները, Էդուարդ Շարմազանովը նկատեց` դա նշականում է, որ բանակցությունները հնարավոր է շարունակվեն կամ նոր մեկնարկ ունենան: «Ավելի լավ է բանակցել, քան չբանակցել, քանի որ բանակցելիս դեպի խաղաղության գնալու քայլ ես անում: Առանց բանակցությունների, դիստանցիայի վրա հայտարարություններ անելը հանգեցնում է պատերազմի: Ամենավատ բանակցությունն ավելի լավ է, քան ամենալավ պատերազմը»,- ասում է նա:

Շարմազանովը բոլոր տեսակի հակամարտությունների լուծման ուղին բանակցությունների և դիվանագիտական հարաբերությունների մեջ է տեսնում: «Կա դիվանագիտություն, բոլոր կոնֆլիկտների լուծման համար պետք է բանակցել: Բայց խնդիրն Ադրբեջանի մեջ է, Ադրբեջանը պետք է հասկանա, որ միակ տարբերակը, որ իր դրոշը ծածանված տեսնի Ստեփանակերտում, Արցախի Հանրապետության ճանաչումն ու այնտեղ իր դեսպանատան բացումն է: Այլ տարբերակ Արցախում Ադրբեջանի դրոշ տեսնելու, չկա»,- ասաց նա:

ԼՂ հիմնահարցի շուրջ Պուտին-Օբամա հեռախոսազրույցը Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում: Նրա խոսքով` հրապարակային ձևակերպումները, որ կային երկու կողմերի տարածած հաղորդագրություններում, խոսում են այն մասին, որ կողմերը մերժում են խնդրի ռազմական լուծումն ու կարևորում պայմանավորվածությունների իրականացումը: «Դա ցույց է տալիս, որ երկու գերտերությունների ղեկավարները հրապարակային մակարդակում չունեն հակասություններ: Եթե տարբեր հարցերում` սիրիական, ուկրաինական, ռուս-ամերիկյան հարաբերությունները հակասական են, ապա Ղարաբաղյան հիմնահարցում կան ընդհանուր մոտեցումներ, որը համահունչ է մեր պատկերացումներին»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս