Բաժիններ՝

Ստամբուլի ահաբեկչությունը կա՞պ ունի ԴԱԻՇ-ի «խալիֆայության» ստեղծման հոբելյանի հետ

Երեկ՝ Երևանի ժամանակով ժ. 23.00-ի սահմաններում, 3 պայթյուն է որոտացել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով սպանվել է 36 մարդ, ևս 147-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ականատեսները պատմել են, որ մինչ ռումբերը պայթեցնելը 3 մահապարտները կրակ են բացել օդանավակայանում գտնվողների վրա:

«Մենք տեսանք, թե ինչպես է տղամարդն անկանոն կրակ բացում: Նա պարզապես կրակում էր իր դեմ դուրս եկող ցանկացած մարդու վրա: Նա ամբողջովին սև էր հագել, առանց դիմակի էր»,- պատմել է զբոսաշրջիկներից մեկը:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի ահաբեկչության պահին օդանավակայանում վայրէջք էր կատարում Ալբանիայի վարչապետի ինքնաթիռը, որը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա:

Սկզբապես առաջ էր քաշվում վարկած, որ ահաբեկչության հետևում կարող են կանգնած լինել ինչպես ԴԱԻՇ-ի ահաբեկիչները, այնպես էլ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները:

Ավելի ուշ PKK-ն հայտարարել է, որ «հարձակումներ չի իրականացնում խաղաղ բնակչության դեմ, մանավանդ, պատահական մարդկանց, որոնցից շատերը Թուրքիայի քաղաքացիներ չեն ու ոչ մի կապ չունեն թուրք օկուպացիայի դեմ պայքարի հետ»:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը եղել է դեպքի վայրում, հայտարարել է, թե նախնական տվյալները վկայում են այն մասին, որ հարձակման հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը:

Սոցցանցերի օգտատերերը, իրենց հերթին, հիշեցրել են, որ ուղիղ 1 տարի առաջ՝ 2019թ. հունիսի 29-ին, ԴԱԻՇ-ը հայտարարեց այսպես կոչված «խալիֆաթի» ստեղծման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս