«Ասում եք՝ ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժը օդ է բարձրանալու: Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ հանրության շրջանում, սոցիալական ցանցերում, քաղաքական շրջանակներում կա որոշակի կարծիք, որ ապրիլյան 4-օրյա պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ:

Ըստ նրա` այս վարկածը հիմնավորվում է վերլուծությամբ և փաստերով, մասնավորապես` 2008թ. Հարավային Օսիայի պատերազմն էլ անհնար կլիներ՝ առանց երաշխիքի, որ ՌԴ-ն առնվազն պահպանելու է չեզոքություն: Նա հարցադրում արեց, թե արդյոք Ադրբեջանն առյուծի սի՞րտ էր կերել` հարձակվելով ՌԴ ռազմավարական դաշնակցի վրա: Ըստ Փաշինյանի` փաստ է, որ եթե համարենք, որ Ադրբեջանը առյուծի սիրտ էր կերել, ապա ՌԴ-ն պետք է սառեցներ զենքի վաճառքը Ադրբեջանին, բայց ՌԴ-ն հակառակ հայտարարությունն արեց, իսկ Հայաստանն իր ամենաանհրաժեշտ պահին չունեցավ և մինչ օրս էլ չունի այն զենքը, որ պետք է մատակարարվեր ուղիղ մեկ տարի առաջ վավերացված պայմանագրով:

«Էնքան շնորհակալություն ենք հայտնել, որ վերջին 200 տարվա ընթացքում դոզան անցել ենք»,- նկատեց Ն. Փաշինյանը:

Նա տարակուսանք հայտնեց, որ ՀՀ իշխանավորները վստահ են, որ ՀՕՊ միասնական համակարգի հրամանատարությունն իսկապես հայկական կողմին է պատկանելու. «Նույնիսկ գետնի վրա մի մետր չեք կարող տեղաշարժել, դուք հիմա եկել, ասում եք, որ ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժը օդ է բարձրանալու: Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ»:

Կարդացեք նաև

Ն. Փաշինյանը նշեց, որ անգամ հայկական հետախուզությունն ամեն օր զեկուցել է, բայց դրանում եղել է նաև ռուսական բաղադրիչը և, եթե հայկական հետախուզությունը հաղորդում էր հարձակման վտանգի մասին, ռուսներն ասում էին, թե հարձակում չի լինի, և նույնը տեղի է ունեցել ապրիլի պատերազմի նախօրյակին, այսինքն` հետախուզական տվյալներ կհաղորդեն այն ժամանակ, երբ ցանկանան:

Այս համաձայնագրով, ըստ Փաշինյանի, ստեղծում ենք բուտաֆորիա: Նա նշեց, որ Ռուսաստանը գերտերություն է և, բնական է, որ որոշ հարցերում Հայաստանի ու նրա շահերը կհամընկնեն, որոշ հարցերում` ոչ, իսկ խնդիրը հայկական էլիտայի ներքին փոքրությունն ու մեծ եղբոր ձգտումն է: «Մեր պաշտպանությունը մենք ինքներս պետք է ստեղծենք»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս