Բաժիններ՝

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10 օր

Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը, տեղում ուսումնասիրելով իրավիճակը, հայտնել է, որ ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10-ը օր:

Նշենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մշտապես կապի մեջ է բոլոր փոխադրող ընկերությունների հետ, նախարարության կողմից նրանց առաջարկվել է օգնություն, օժանդակություն, նաև՝ փոխադրումը լաստանավերով շարունակելու Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից։

Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Բաթումիից դեպի Նովոռոսիյսկ է ուղևորվել 100 ավտոմեքենա տարողությամբ լաստանավ, որի վրա շուրջ 55 մեքենա հայկական համարներով է եղել:

Փոթիի նավահանգստից պատրաստվում է շարժվել ևս մեկ լաստանավ՝ 50 ավտոմեքենա տարողությամբ:

Փչացող բեռներով բոլոր ավտոմեքենաները Լարսից արդեն շարժվել են դեպի Բաթումիի և Փոթիի նավահանգիստներ։

Այն փոխադրողները, ովքեր հրաժարվել են լաստանավով շարունակելու ճանապարհը, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի և ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են դեպի անվտանգ կայանատեղիներ:

Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ճանապարհն օր առաջ բացելու ուղղությամբ։ Վրաց ճանապարհաշինարարներին հաջողվել է գետի հունը մի փոքր փոխել, ինչը հուսադրող է, և հնարավոր է, որ այսօրվա ընթացքում արդեն սկսվեն ճանապարհի վերականգնման աշխատանքները։

Այդ մասին առավել հստակ տեղեկատվություն հնարավոր կլինի ներկայացնել վաղը։
Նշենք նաև, որ «Սպայկա» ընկերությունում գործում է թեժ գիծ՝
(010) 44-44-70, (060) 70-44-44 հառախոսահամարներով.

Այս հեռախոսահամարներով զանգահարելով՝ դուք կարող եք տեղեկատվություն ստանալ լաստանավով բեռներ տեղափոխելու հնարավորությունների վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս