«ԼՂ ժողովուրդը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի տիրապետության տակ». Շարմազանովի պատասխանը՝ Ալիևին

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը երբեք չի կարող դրվել հարցականի տակ և ԼՂ ժողովուրդը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի տիրապետության տակ: Թող Արցախից էն կողմ գտնվող նավթադոլարներով հարուստ երկրում մոռանան դրա մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն Ադրբեջանի պատմական հողերի վրա, Ղարաբաղի կարգավիճակը ապագայի հարց է և այն չպետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Շարմազանովը հիշեցրեց, որ Ալիևի և նրա աշխատակազմի ղեկավար Մամեդովի գնահատականներին շատ խիստ արձագանքել է նաև պաշտոնական Մոսկվան՝ անվանելով դա «այլասերված մեկնաբանություն»:

«Ալիևը Ադրբեջանի նախագահն է, և ինչքան ինձ հայտնի է, Ադրբեջանը չի փայլում ժողովրդավարական և բազմակարծության արժեքներով: Եվ միգուցե Ալիևի հայտարարությունը հալած յուղի տակ անցնում է իր երկրում, իր աշխատակազմում, իր թիմակիցների մոտ, բայց Ալիևի խոսքը հալած յուղի տակ չի կարող անցնել, լինել հեղինակություն ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Հայաստանում: Քանի դեռ մենք չունենք խաղաղության վերջնական պայմանագիր, ցանկացած, նաև պատերազմական, գործողությունների վերսկսում հնարավոր է: Հայաստանն ունի երկու սպառնալիք` Թուրքիան և Ադրբեջանը: Եվ Հայաստանում չի գտնվի որևէ մեկ բանական մարդ, որը կարող է ասել, որ ինքը կարող է երաշխիք տալ, որ վաղը Ալիևը չի կրակի: Դրա համար մենք պետք է առաջնորդվենք` «ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի» սկզբունքով»,- ասաց Շարմազանովը:

Ամեն դեպքում, ըստ նրա, բանակցությունները փակուղում չեն, և հանդիպելն ու բանակցելն ավելի լավ է, քան չբանակցելը: Շարմազանովի խոսքով` թիվ մեկ խնդիրը խաղաղությունն է և այս պահին այն ամրապնդվում է: Անդրադառնալով Հայաստանի նախագահի առաջադրած 3 պայմաններին` Շարմազանովը նշեց, որ դրանք Վիեննայի հայտարարության մեջ արտացոլված են, իսկ Վիեննայի գագաթնաժողովի հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ պետքարտուղարը, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս