«Մինսկի խումբը պետք է նախագահ Ալիևից պարզաբանումներ պահանջի». Մեթյու Բրայզա

«Եթե Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված դիրքորոշումները փոխվել են, ապա բանակցությունները շատ ավելի բարդ փուլում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիտարկմանը, թե այս փուլում հետաքննությունների մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի զինվորականների հետ հանդիպման ժամանակ դրական էր գնահատել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում իր,  Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Նրա խոսքով, Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով. «Ինչ վերաբերում է հայերի կողմից առաջ քաշված նախապայմանին՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման հարցին, կարծում եմ, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա: Նախևառաջ՝ այդպիսի մեխանիզմներ գոյություն չունեն: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում՝ ինչ են իրենցից ներկայացնելու այդ մեխանիզմները: Այս պարագայում այդ հարցն այսօր դիտարկելը սխալ կլիներ: Երկրորդը՝ ո՞րն է դրա իմաստը: Եթե այդպիսով նկատի ունեն՝ «սառեցնել» կոնֆլիկտը և շփման գծում հավելյալ այլ միջոցներ ընդունել, ապա Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան»:

Բրայզան նշեց, որ Մինսկի խումբն ակնհայտորեն պետք է նստի նախագահ Ալիևի հետ և նրանից պարզաբանումներ պահանջի, քանի որ այն, ինչ հայտարարվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ նախագահների ամենավերջին հանդիպումից հետո, հետևյալն էր՝ նախագահները համաձայնել են զարգացնել այդ մեխանիզմները: Ստացվում է, նրա որակմամբ, որ այս տեղեկատվությունը հակասում է հանդիպման արդյունքին: Մինսկի խումբը, դիվանագետի համոզմամբ՝ պետք է հստակեցնի այս հարցը: Ըստ նրա՝ եթե ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխվել է, ապա Մինսկի խումբը պետք է բանակցի՝ առաջ ընթանալով:

«Երբ այսքան անորոշ տեղեկություններ կան, դժվար է ավելին ասել»,- նկատեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս