«Ապրիլյան իրադարձություններում լուրջ դեր է խաղացել հենց Թուրքիան, ու անձամբ՝ Էրդողանը». Ալեքսեյ Մարտինով

«Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև.մերձարևելյան անկայունության գոտուց դեպի եվրասիական ելք՝ ներդրումների ազատ միջանցք և երկաթյա վարագույր ահաբեկչության համար» խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ Արևելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների և հրապարակային դիվանագիտության կենտրոնի տնօրեն, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը (Մոսկվա) նշեց, որ տարածաշրջանում քաոս է ստեղծում հիմնականում Թուրքիան:

«Սա այլևս այն Թուրքիան չէ, որի հետ գործ ունեինք 20-րդ դարում: Այն ժամանակ նա ԱՄՆ-ի աջ ձեռքն էր: Հիմա Թուրքիան ուզում է իր ազդեցությունը տարածել երկրի սահմաններից դուրս: Նրանք ասում են՝ 0 խնդիր հարևանների հետ, որը փորձագետները որակում են որպես՝ 0 հարևան, 0 խնդիր: Հարևանների հետ 0 խնդրի կարելի է հասնել փոխգործակցության միջոցով,- նշեց փորձագետը՝ ընդգծելով՝ Թուրքիան միանձնյա ու կոշտ ղեկավարվող երկիր է,- Ազատ խոսքի համար Թուրքիայում ձերբակալում են լրագրողներին: Թուրքիան վերջին տարիներին անում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դեմ հայտարարություններ, ասում է, որ պետք է վերջինիս ֆորմատը փոխել: Թուրքիան անկայունություն է ստեղծում Եվրոպայում ու փորձում ազդել Եվրամիության վրա: Ինչ վերաբերում է Կովկասին, ապա նա ուզում է ապակայունացնել նաև Կովկասը: Էրդողնը չի վախենում ոչնչից, նա ամեն ինչ կանի իր իշխանությունը պահպանելու համար: Դրա համար պետք է Թուրքիայի ցանկացած քայլի սպասել»:

Փորձագետի խոսքով՝ ՌԴ-ի համար Հայաստանը համարվում է ռազմավարական դաշնակից Կովկասում, ու նա ամեն ինչ կանի՝ Կովկասում ստատուս-քվոն պահպանելու համար. «ՌԴ-ն կարող է ու պետք է աշխարհում համաչափություն հաստատի: Թուրքիան իր լոբբին կառուցում է կրթության, տնտեսության միջոցով: Նա ակտիվորեն օգտագործում է կրթական, կրոնական, էթնիկական գործոնները: Միանշանակ է, որ նման ագրեսիվ ռեժիմով նա վերցնում է ապակայունացնողի դերը, ու դժվար թե տարածաշրջանում կայունություն լինի»:

Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն (Մոսկվա) էլ ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ ապրիլյան իրադարձություններում լուրջ դեր է խաղացել հենց Թուրքիան, ու անձամբ՝ Էրդողանը. «Ինչո՞ւ ապրիլյան իրադարձությունները տեղի ունեցան: Հայաստանի հարևան Ադրբեջանը վերջին 15 տարիներին գտնվում է Թուրքիայի ակտիվ ուշադրության կենտրոնում, ադրբեջանական էլիտան գտնվում է Թուրքիայում, այսինքն՝ նրանց բիզնեսներն են այնտեղ, ադրբեջանական ռազմական էլիտան կրթվել է Թուրքիայում, մշտապես թրեյնինգներ են տեղի ունենում: Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից շատ մեծ է, Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա: Այն իրավիճակը, որ այսօր Թուրքիայում ղեկավարում է այնպիսի մարդ, ինչպես Էրդողանը, իրոք սպառնալիք է Հայաստանի համար: Ես տարածաշրջանային անվտանգության մեջ Հայաստանը չէի առանձնացնի, կա Հայաստան, Ադրբեջան, Վրաստան»:

Փորձագետն ընդգծեց՝ չնայած Ադրբեջանի պաշտոնական պրոպագանդային՝ կարծում է, որ այնտեղ այս ամենի մասին մտածող մարդիկ նույնպես կան. «Մարդիկ չեն ծնվում, որ կռվեն և զոհվեն: Թուրքիան ու նրա հետևում կանգնածները տարածաշրջանում քաոս են ստեղծում: Եթե կռիվ է, ապա ոչ մի զարգացում չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս