Brexit-ը կարող է խաթարել ԵՄ միասնությունը հակառուսական պատժամիջոցների հարցում. WSJ
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ուժեղ ազդեցություն գործել գլոբալ անվտանգության վրա, թուլացնել միության ռազմական բլոկը, ինչպես նաև փոխել Արևմուտքի մոտեցումը այն խնդիրների նկատմամբ, որոնց բախվում է մայրցամաքը, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի կարծիքով՝ Brexit-ը, հավանաբար, կխաթարի եվրոպական երկրների միասնությունը հակառուսական պատժամիջոցների հարցում: Ինչպես հիշեցնում է WSJ-ը, պատժամիջոցները երկարաձգվել են ևս կես տարով, սակայն մի շարք երկրներ, ներառյալ՝ Իտալիան, Իսպանիան և Հունաստանը, ձգտում են դրանց թուլացմանը:
Ինչպես նշվում է, Բրիտանիան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ դիրքորոշման ամենահավատարիմ կողմնակիցն էր պատժամիջոցների հարցում: Ներկայում Մերկելը զրկվել է այդ դաշնակցից:
«Ամենամեծ հարվածին ենթարկվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Պատժամիջոցային քաղաքականությունը կթուլանա, քանի որ Բրիտանիայի ձայնն այնքան ուժեղ չի լինի, ինչպես հույս ունեինք»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյա Ֆաբրիս Պոտյեն:
Փորձագետները մտավախություն ունեն, որ Brexit-ը կթուլացնի ԵՄ-ն արտաքին սպառնալիքների առաջ, ներառյալ՝ ահաբեկչության: Համաեվրոպական ռազմական բյուջեում Բրիտանիայի միջոցների բացակայությունը կհարվածի դաշինքի պաշտպանունակությանը:
Ինչպես ասվում է հոդվածում, մի շարք պաշտոնյաներ կարծում են, որ Brexit-ը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ու պաշտպանական ծախսերի ավելացմանը մի շարք երկրների, մասնավորապես Գերմանիայի կողմից:
Բացի այդ, ինչպես գրում է WSJ-ը, Brexit-ը կարող է մթագնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կայանալիք գագաթաժողովները: