Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանն ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին խոսեցին Հայաստանում եղած «քաղբանտարկյալների» մասին

Այսօր Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսքի իրավունք  խնդրեց ու հայտարարեց, որ նախորդ շաբաթ ձերբակալվել է «Նոր Հայաստան» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը, և «բոլոր հիմքերը կան մտածելու, որ սա քաղաքական հետապնդում է»:

«Սրա մասին է  վկայում թեկուզ այն փաստը, որ դեռևս 1 տարի 3 ամիս առաջ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, և հիմա երկրորդ քրեական գործն է հարուցվում: Ես դատապարտում եմ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումները, կարծում եմ՝ Հայաստանի շահերից է բխում օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից: Ես դատապարտում եմ Ժիրայր Սէֆիլյանի և մնացած բոլոր քաղբանտարկյալների՝ բանտում գտնվելը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես խոսեց  Հայաստանում եղած «քաղբանտարկյալների» մասին՝ հայտարարելով՝ եթե Հայաստանում մարդկանց կալանավորում են այն հայտարարություններից հետո, որ իրենք պատրաստ են ազատագրել մեր հայրենիքը, նշանակում է՝ «կալանավորվում է Հայաստանի ազատագրումը»:

Անդրադառնալով այսօրվա նիստի օրակարգին՝ Զ. Փոստանջյանն ասաց. «Այն օրակարգը, որը ներկայացված է՝ Ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ անելու առաջարկը և ՀՕՊ համաձայնագրի անցկացումը, դրանք երկուսն էլ  չեն բխում հայ ժողովրդի շահերից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս