Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում Հռոմի Պապին նվիրել են Ախթամարի պատկերով փորագրանկար
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրինությունը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին նվիրել է ոսկե հուշամեդալ, որի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ինչպես նաև Ախթամարը պատկերող
փորագրանկար: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ այդ փորագրանկարը պատրաստվել է մի քանի տարի առաջ հատուկ թղթի վրա:
«Թանգարանի կողմից մենք հատուկ նվեր էինք պատրաստել:
Դա մի քանի տարի առաջ հատուկ թղթի վրա պատրաստված Ախթամարին նվիրված փորագրանկարների շարքից մեկն էր, թողարկվել է Գերմանիայում բավականին սահմանափակ քանակով: Մենք որոշեցինք, որ քրիստոնեական խորհրդանիշ հանդիսացող Ախթամարի պատկերով այդ փորագրանկարի հավաքածուից մեկը,
որը ընդամենը 50 օրինակով էր թողարկվել, նվիրել Պապին», ասաց Դեմոյանը:
Դեմոյանն ընդգծեց, որ Հռոմի Պապը գրառում է կատարել Ծիծեռնակաբերդի պատվո հյուրերի հուշամատյանում: «Գրառման գլխավոր ուղերձն այն է, որ բարին պետք է հաղթող լինի, և հանուն հիշողության պահպանման պետք է պայքար մղել, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն», նշեց Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրենը նաև կարճատև զրույց է ունեցել Սրբազան քահանայապետի հետ: «Նա ոգևորված էր այցի հետ կապված, շնորհակալություն հայտնեց նվերների համար, ինչպես նաև օրհնեց մեր աշխատանքը և առաքելությունը», եզրափակեց Հայկ Դեմոյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ֆրանցիսկոս Պապի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ կատարվել է բարեխոսության կարգ: Պապը ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակի անմար կրակի մոտ,
եղևնի տնկել Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում: