Բաժիններ՝

Քեմերոնն ուղևորվել է Մեծ Բրիտանիայի թագուհու մոտ՝ անձամբ տեղեկացնելու իր հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Բուքինգհեմյան պալատ՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ, հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուներին:

Բրիտանացիները երեկ կայացած հանրաքվեի ժամանակ քվեարկեցին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին:

Քեմերոնն ակտիվորեն հանդես էր գալիս Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու օգտին և հայտարարում էր, որ եթե բրիտանացիները քվեարկեն Եվրամիությունից դուրս գալու օգտին, ապա դա կարող է սպառնալ Եվրոպայում խաղաղությանը:

Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո նա հայտարարեց իր հրաժարականի մասին: Քեմերոնը նաև հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կտրուկ փոփոխություն չեն բերի բրիտանացիների կյանքում:

«Կարծում եմ, որ այս երկրին հարկավոր է նոր կառավարություն: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպես վարչապետ, որպեսզի բալանսավորեմ այդ նավը մոտակա շաբաթներին և ամիսներին, սակայն չեմ կարծում, թե ինձ համար ճիշտ կլինի լինել այդ նավի նավապետը նրա հետագա նշանակետին հասնելու համար»,- հայտարարել է Քեմերոնը:

Նրա խոսքով՝ պետք է անել այնպես, որ երկրի նոր վարչապետը նշանակվի մինչև հոկտեմբեր՝ մինչ պահպանողականների համաժողովի մեկնարկը:
Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան թագուհուն տեղեկացրել է իր մտադրության մասին: Նոր վարչապետը, ինչպես ենթադրվում է, ընտրվելու է հոկտեմբերին:

Քեմերոնը Մեծ Բրիտանիայի թագուհու 12-րդ վարչապետն է: Առաջինը եղել է Ուինսթոն Չերչիլը: Թագուհին, ավանդույթի համաձայն, ամեն շաբաթ ընդունում է երկրի վարչապետին և նրա հետ քննարկում պետական հարցերը, որոնք հիանալի հասկանալով, երբեք հրապարակավ չի մեկնաբանում: Այդ զրույցները միշտ անցկացվում են տետ-ա-տետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս