Բաժիններ՝

«Տխուր օր Եվրոպայի և Բրիտանիայի համար». ինչպես են արձագանքում քվեարկությանը ԵՄ առաջատար երկրները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, բրիտանացիները երեկ կայացած հանրաքվեում քվեարկեցին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, որի կողմնակիցները հաղթանակ են տարել՝ հաղթահարելով ընտրողների 16,7 միլիոն ձայների արգելքը, հայտնում է BBC-ն:

Պաշտոնական տվյալով՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9 տոկոսը: Քվեարկության իրավունք ուներ 46,5 մլն մարդ, այդ թվում՝ Ջիբրալթարի 24,1 հազար բնակիչ, որոնք ունեն ձայնի իրավունք:
Հանրաքվեի նախօրեին ԵՄ անդամակցության կողմնակիցները կտրուկ ուժեղացրել էին իրենց քարոզչությունը՝ կառավարության անդամներն ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչները բնակչությանը նախազգուշացնում էին անխուսափելի ռեցեսիայի, գնաճի և հարկերի ավելացման մասին:

Հանրաքվեի արդյունքները ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի ճանապարհի սկիզբն է, այդ գործընթացը կարգավորվում է Լիսաբոնի համաձայնագրով:
Երկիրը Եվրամիության շարքերը պաշտոնապես կկարողանա լքել միայն մի քանի տարի անց: Դա խոստովանել է նաև երկրի՝ Եվրամիությունից դուրս գալու քարոզարշավի ղեկավար Մեթյու Էլիոթը: Նրա կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պետք է ոչ պաշտոնական բանակցություններ սկսի մյուս երկրների կառավարությունների հետ և միայն դրանից հետո հարց բարձրացնի Լիսաբոնի համաձայնագրի կիրառության մասին:

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելն իր Twitter-ում քվեարկության օրը «վատ օր» է անվանել:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, իր հերթին, Մեծ Բրիտանիայից ստացված լուրերն անվանել է «սթափեցնող»:

«Սա տխուր օր է Եվրոպայի և Բրիտանիայի համար»,- նշել է դիվանագետը:
Բրիտանացիների որոշումը տխրեցրել է նաև Ճապոնիային: Երկրի փոխարտգործնախարար Սինսուկե Սուգիյաման հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները ափսոսանք են առաջացնում:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն լրագրողներին ասել է, թե «վշտացած է»: Նրա խոսքով՝ «ԵՄ-ն շարունակելու է գործել, սակայն պետք է արձագանքի և վերադարձնի մարդկանց հավատը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս