«Մոսկվան չի հեռացնում ԵԱՀԿ-ին Ղարաբաղյան խնդրի կարգավորումից». ՌԴ ԱԳՆ

Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքով ընդունվել է նախագահների համատեղ հայտարարություն: Այդ հայտարարության մեջ արտացոլվել է, թե ինչ է քննարկվել բանակցային գործընթացի ժամանակ ու թե ինչ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ասել է, որ անթույլատրելի է ինչ-որ մեկի կողմից հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները յուրովի մեկնաբանելը:

Անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը, Զախարովան ասել է, թե այդ տեղեկությունն անհիմն է:

«Մինչև Սանկտ Պետերբուրգի հանդիպումը հաղորդագրություն էր տարածվում այն մասին, որ իբր Ռուսաստանը հակամարտության լուծման նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը: Այդ հաղորդագրություններում ասվում էր, թե Ռուսաստանը ցանկանում է հեռացնել Մինսկի խմբին բանակցային գործընթացից, փոխել բանակցությունների ձևաչափը:

Սակայն Սանկտ Պետերբուրգի հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դա այդպես չէ: Այս հանդիպմանը միացան նաև Մինսկի խմբի համանախագահները: Նրանք նախապես տեղեկացվել էին հանդիպման մասին: Ռուսաստանը փորձում է պահպանել տարիների ընթացքում ձևավորված Մինսկի խմբի պոտենցյալը»,- ասել է նա:
Զախարովան հիշեցրել է, որ կողմերը բարձր են գնահատել Սանկտ Պետերբուրգի  հանդիպումը: «Եթե կողմերը նման գնահատական են տվել, ապա հանդիպումը իսկապես անցել է բարձր մակարդակով»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս