Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը կբարդացնի ապագա սերունդների կյանքը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բրիտանացիներին դարձյալ կոչ է արել քվեարկել Եվրամիության երկրներում անդամակցության պահպանման օգտին՝ դա բացատրելով ապագա սերունդների բարեկեցությամբ:
Քեմերոնը դիմել է բրիտանացիներին համաժողովրդական հանրաքվեից 2 օր առաջ: Հունիսի 23-ին բրիտանացիները պետք է պատմական ընտրություն կատարեն՝ կմնա՞ արդյոք Բրիտանիան ԵՄ կազմում, թե՞ դուրս կգա միությունից:
Վերջին շաբաթներին հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ միությունից դուրս գալու կողմնակիցների թիվն ավելանում է, ու երկրի իշխանությունները ակտիվացրել են միության պահպանման քարոզարշավը՝ դա բացատրելով նրանով, որ Բրյուսելից ստացել են զիջումներ բոլոր սկզբունքային հարցերի շուրջ:
«Կան որոշակի ռիսկեր մեր ընտանիքների համար, և մենք չենք կարող դրան գնալ: Ապագա սերունդների համար ապրելն ավելի կդժվարանա, եթե մենք քվեարկենք միությունից դուրս գալու օգտին: Հանուն ձեզ, հանուն ձեր ընտանիքների քվեարկեք անդամակցության պահպանման օգտին»,- ասել է Քեմերոնը՝ ելույթ ունենալով Լոնդոնի իր նստավայրում:
«Ես կցանկանայի դիմել իմ սերնդի բոլոր մարդկանց: Ես գիտեմ, որ Եվրոպայի կառուցվածքը կատարյալ չէ, սակայն, հավատացեք ինձ, ես հասկանում եմ ու տեսնում ձեր անհանգստությունը: Հենց այդ պատճառով էինք մենք վարում բանակցություններ ԵՄ իշխանությունների հետ մեր հատուկ կարգավիճակի վերաբերյալ: Մենք ստացանք լավագույնը մեզ համար: Սակայն հիշեք, որ դուք չեք կարող չեղյալ հայտարարել ընդունված որոշումը: Եթե քվեարկեք դուրս գալու օգտին, դա կլինի վերջնական որոշում: Հետդարձ չի լինի»,- ասել է Քեմերոնը: