Բաժիններ՝

Ավիակոնստրուկտոր Միխայիլ Պողոսյանն ընտրվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր

Հունիսի 16-ին Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական ինստիտուտ) աշխատակիցների և ուսանողների համաժողովը «Ինքնաթիռների պրոյեկտավորում» բաժնի վարիչ, հայազգի ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ (Միքայել Ասլանի Պողոսյան) Պողոսյանին ընտրել է ինստիտուտի ռեկտոր:

Վերջինս ինստիտուտի ռեկտորի թեկնածու էր առաջադրվել ապրիլին «Ավիացիոն տեխնիկա» ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:

Միխայիլ Պողոսյանը 1979թ. ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը։ Ինստիտուտից հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Սուխոյի անվան ավիաշինական գործարանում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր, 1994 թվականից՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1997 թվականից՝ «Սուխոյ» ավիացիոն ռազմաարդյունաբերական համալիրի տնօրեն:

Պողոսյանի ղեկավարման տարիները նշանակալի են ռուսական իրականության համար բացառիկ մի քանի նախագծերի սկզբնավորմամբ։ 2002 թ. «Սուխոյ» կոնցեռնը հաղթեց նոր 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման մրցույթում, ինչն ամենամեծ ձեռքբերումն էր կոնցեռնի պատմության մեջ։ Պողոսյանի ղեկավարությամբ մինչև 2010թ. «Սուխոյ» կոնցեռնը բացառիկ վերելք է ապրել։

Նա անմիջական մասնակցություն է ունեցել «Սու-27» կործանիչների ստեղծմանը, որի համար 1997թ. արժանացել է ՌԴ Պետական մրցանակի: 1990-ականներին նրա ղեկավարությամբ ավարտվել է «Սու-33»-ի տախտակամածային տարբերակի մշակումը:

Արժանացել է ՌԴ կառավարության մրցանակի (1998), «Պատվո նշան» շքանշանի (2001):

Հեղինակ է 14 գիտական աշխատանքների, ունի 11 հայտնագործություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս