Նորից՝ «հող հանձնելու» մասին. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ամեն անգամ, երբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ առաջին եւ երկրորդ նախագահները) գնում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասը սկսում է կասկածներ հայտնել՝ «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունը «ցանցային» բնույթ չէր կրում եւ «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաեւ նման կասկածները: «Ճյուղավորումը» հետեւյալն է. քանի որ Սերժ Սարգսյանը գնաց Սանկտ Պետերբուրգ «5 շրջան հանձնելու», իսկ Ժիրայր Սէֆիլյանը դրան դեմ է, հենց այդ պատճառով էլ նրան ձերբակալեցին: Դե, այդ տրամաբանությամբ ինձ էլ պետք է ձերբակալեն, որովհետեւ ես էլ եմ դրան դեմ, ինչպես նաեւ Հայաստանի բնակչության 99,99 տոկոսը: Կասեք, որ Ժիրայր Սէֆիլյանն ավելի վտանգավոր է, քան մնացած հայաստանցիները, որովհետեւ նա հանրահավաքներ է անում:
Բայց այդ հանրահավաքներին գալիս են 40-50 հոգի, այնպես որ՝ դժվար թե նրա քաղաքական գործունեությունը իշխանության համար սարսափելի վտանգ ներկայացնի: Ընդգծեմ՝ ես այստեղ չեմ քննարկում Ղարաբաղյան պատերազմի հերոսի դեմ առաջ քաշված մեղադրանքների ճիշտ կամ սխալ լինելը՝ խոսքս «թեմայի ճյուղավորումների» մասին է: Իսկ թեման «հող հանձնելն» է: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում են, որ օրակարգում էր Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելը, այսինքն՝ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներն արձանագրող մեխանիզմների ստեղծումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: