Բունդեսթագի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Թուրքիայում քաղաքացիական հասարակության զարգացման համար
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Բունդեսթագի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Թուրքիայում քաղաքացիական հասարակության զարգացման համար, որն էլ անմիջական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Նրա խոսքով՝ Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիայում հետաքրքիր քաղաքացիական ակտիվություն և շարժ է նկատվել:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, թե հասարակական ակտիվությունը շատ կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար, և հասարակական մակարդակով շփումներ պահպանելն ուղղակի անհրաժեշտ են:
«Պաշտոնական մակարդակով Թուրքիայից որևէ ակնկալիք չպետք է ունենալ, պետք է շարունակել հասարակական և գիտական ոլորտներում շփումները: Թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հակասություններ կան: Թուրքիայում էլ կան մարդիկ, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը, և նրանց հետ աշխատանքներ պետք է տարվեն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունած այս որոշումը Ահմեդ Դավութօղլուի հեռանալուց հետո առաջին լուրջ փորձությունն էր Թուրքիայի համար արտաքին քաղաքականության մեջ: Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանությունն ավելի լայն հանրայնացում ստացավ Բունդեսթագի կողմից ընդունվելուց հետո: «Այդ որոշման մեջ կա մի կարևոր ակնարկ կամ հորդոր, որ Հայոց ցեղասպանության մասին պետք է գրվի դասագրքերում և ներկայացվի, որպես համամարդկային չարիք: Ես կարծում եմ, որ Բունդեսթագի կողմից ընդունած որոշումը կունենա շարունակական բնույթ»,- ասաց նա: