«Եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նպատակը բանակցային գործընթացում առաջատար դիրքի ամրագրումն էր»
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումից կողմերը ստացան այն, ինչ սպասում էին: Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, թե այն, ինչ նախատեսված էր ռուսական կողմի նախաձեռնությամբ, բանակցային գործընթացի շարունակության ցուցադրումն էր: «Պետք էր մի կողմից ցույց տալ, որ ստեղծվել են որոշ լծակներ, որոնք կարող են բացառել ապրիլյան դեպքերի կրկնությունը և մյուս կողմից ցույց տալ ադրբեջանական կողմին, որ առկա իրավիճակը դեռ չի նշանակում բանակցային գործընթացի լիակատար սառեցում,այլ պարզապես պետք է ստեղծել նախադրյալներ, որ իրական բանակցային գործընթացը սկսվի»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, Մոսկվայի գլխավոր նպատակը թե բանակցային գործընթացում, և թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր առաջատար դիրքի ամրագրումն էր, սակայն Մինսկի ֆորմատի տապալման նպատակ Ռուսաստանը չունի: Նա նաև հավելեց որ, սա այն եզակի ձևաչափն է,որի շրջանակում Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են գալ ինչ-որ ընդհանուր հայտարարի:
Ըստ քաղաքագետի, ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ապա առկա իրավիճակից ելնելով հանդիպման նախօրեին ևս սպասելիքները մեծ չէին, իսկ որևէ լուրջ առաջընթաց ակնկալելը ևս իրատեսական չէր: Մյուս կողմից, բանախոսը նաև նշեց որ, չարդարացան ներհայաստանյան մտավախությունները, թե ՌԴ-ն պետք է պարտադրի Հայաստանին միակողմանի զիջումների գնալ:
«Ռուսաստանում նույնպես հասկանում են, որ այդ ձևով ինչ-որ քայլեր կատարելն ավելի դժվար իրավիճակ է ստեղծելու ՌԴ-ի համար, հիմա ունենք միգուցե ավելի վտանգավոր ստատուս քվոյի իրավիճակ, երբ Ադրբեջանը փորձում է շարունակել իր ռազմական ճնշման ու սպառնալիքների ռազմավարությունը՝ փորձելով խուսափել մադրիդյան սկզբունքների առաջխաղացումից: Բայց հայկական կողմը փորձելու է Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ինչ-որ ավելի տեսանելի երաշխիքներ ստեղծել՝ բացառելով հնարավոր հետագա սրումը շփման գծում, համանախագահներն էլ փորձելու են իրենց աշխարհագրական դիրքը ցույց տալ ու հնարավորություն տալ թեկուզ ձևական, բայց այս բանակցությունների շարունակությանը»,- ասաց քաղաքագետը:
Այս հանդիպումից հետո կունենա՞նք ավելի հասկանալի ու երաշխավորված հրադադարի ռեժիմ. ըստ քաղաքագետի՝ ոչ, որովհետեւ դա պայմանավորված է ռազմաքաղաքական բաղադրիչներով:«Առկա իրավիճակում Բաքուն կանգնած է երկընտրանքի առջև.կամ հարմարվել առկա ավելի բարդ ստատուս քվոյին և փորձել ապրիլյան իրադարձությունները սեփական հասարակությանը ներկայացնել որպես լուրջ հաջողություն, կամ էլ գնալ հետագա ռազմական սրացման»,-նշեց Մինասյանը:
Վերջին ընտրության պարագայում,ըստ Սերգեյ Մինասյանի, ինչպես ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները,Բաքուն ևս սկսել է ընկալել, որ որևէ լուրջ հաջողության հասնել չի կարող:
Անդրադառնալով հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը՝ քաղաքագետը նշեց, որ այն բավական հաջողված էր, քանի որ չվնասելով կողմերից որևէ մեկի շահերը, իր մեջ ներառում էր բոլոր կարևոր ու անհրաժեշտ դրույթները: