«ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի նոր պատերազմ չսկսվի. սա նաև ՌԴ հեղինակության հարցն է»

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Վիեննայում նախորդ հանդիպման տրամաբանական շարունակությունն էր և միտված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստմանը: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: « Նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ հանդիպման տրամաբանությունն այն է, ինչի հիմքը դրվել էր Վիեննայում: Այսինքն, այս հանդիպումը միտված էր բանակցությունների վերսկսման նախապատրաստմանը: Շատ կարևոր է, որ ամեն ինչ արվի, որպեսզի կայունություն և կանխատեսելիություն ապահովվի սահմաններում, որը հիմք կլինի բանակցությունները վերսկսելու համար: Թե ՛Վիեննան, թե՛ Սանկտ Պետերբուրգը լուծում են աշխատանքերի նախապատրաստական մասը, որտեղ հիմնականը դիտորդների թվի մեծացումն է և շփման գծում միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ներդրումը:

Մենք տեսանք, որ Վիեննայում նման համաձայնություն կար, սակայն Ադրբեջանը կրկին խուսափում էր դա իրականացնել: Բայց Պետերբուրգում կրկին խոսք եղավ այդ մասին, իսկ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչի մասին խոսվում է նաև համատեղ հայտարարության մեջ»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը՝ վստահություն հայտնելով, որ օրակարգում շարունակում է մնալ նաև հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, քանի որ համատեղ հայտարարության մեջ հղում է արվում նաև Վիեննայի պայմանավորվածություններին, որտեղ խոսք է եղել նաև այդ մեխանիզմների մասին:

Նա անդրադարձավ հնչող կարծիքներին, թե բանակցություններն արդեն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակից դուրս: Քաղաքագետի խոսքով՝ նման գնահատականները տեղին չեն, քանի որ բանակցությունները դեռ սկսված չեն, իսկ նման եռակողմ հանդիպումները՝ անկախ նրանից, թե որ կողմի միջնորդությամբ տեղի կունենան, կարող են նպաստել նրան, որ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեն:

Նա դժվարացավ հստակ պատասխանել, թե որ լսարանի համար էր Ադրբեջանի նախագահը ՌԴ նախագահի հանդիպման ժամանակ շարունակում կրկնել, որ «հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ազատագրված տարածքներից, սակայն վստահություն հայտնեց, որ Ալիևի նման հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունեցել հանդիպման տրամաբանության վրա: «Մենք տեսանք, որ հանդիպումից հետո եղած հայտարարությունները հիմնականում միտված էին իրավիճակի կայունացմանը և այս տրամաբանության վրա Ալիևի հայտարարություններն ազդեցություն չեն ունեցել: Բացի դա, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունք է նաև երկրի տարածքում խոշորածավալ զորավարժությունների անցկացումը, ինչը չի կարող նպաստել խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը»,- Հ. Մելիք-Շահնազարյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ այսուհետև Ռուսաստանն ավելի շահագրգրված է լինելու, որպեսզի նոր պատերազմ չլինի: Քաղաքագետի կարծիքով՝ այս պահին Ռուսաստանն էլ ունի որոշակի պատասխանատվություն շփման գծում անվտանգության մակարդակը բարձրացնելու հարցում: «Ռուսաստանն արդեն մեծ ձեռքբերում է համարում այն, որ հենց ինքն է կանխել պատերազմը, իսկ Պետերբուրգի հանդիպմանը Մոսկվան ներկայացել էր ամենաբարձր մակարդակով: Ուստի, ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի նոր պատերազմ չսկսվի: Սա նաև Ռուսաստանի հեղինակության հարցն է»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Նա նաև նկատեց, որ Սանկտ Պետերբուրգում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խուսափել է ԼՂ հակամարտության թեմայով հրապարակային որևէ գնահատական հնչեցնել, սակայն, միևնույն ժամանակ, մատնանշեց այն հանգամանքը, որ հանդիպումներին հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում հիմնականում խոսք էր գնում շփման գծում անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս