Չինաստանի բանկի աշխատակիցներին ծեծի են ենթարկել վատ սովորելու համար
Չինաստանի հյուսիսարեւմտյան շրջանի բանկերից մեկի երկու ղեկավարներ աշխատանքից հեռացվել են այն բանից հետո, երբ Համացանցում հրապարակվել է ուսուցման ընթացքում աշխատակիցների հրապարակային պատժի տեսագրությունը, տեղեկացնում է BBC-ն:
Հավանաբար ձեռքի հեռախոսով արված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է տղամարդն ութ մարդու, որոնց մեջ կա չորս կին, միկրոֆոնով հարցնում, թե ինչու են նրանք ուսումնական օրվա ընթացքում զբաղեցրել վերջին տեղերը:
Դրանից հետո տղամարդն սկսում է մեծ քանոնով հարվածել նրանց: «Առաջատարության ակադեմիայից» Ցզյան Յանը, որը հայտնվել է տեսագրության մեջ, ավելի ուշ ներողություն է խնդրել իր պահվածքի համար:
Նա հայտարարել է, թե մարմնական պատիժները գիտակցությունը բարձրացնելու առավել արդյունավետ միջոցներից մեկն են, թեեւ խոստովանել է, որ ուսուցման իր մեթոդներն ընդունելի են ոչ բոլորի համար:
75-վայրկյան տեւող տեսագրությունը Համացանցում է հայտնվել հունիսի 20-ին եւ հարուցել օգտատերերի բուռն վրդովմունքը:
Չինաստանի Գյուղական վարկային կոոպերատիվների միության պաշտոնյաներն ավելի ուշ Chinanews.com պորտալին հավաստել են, որ տեսանյութը նկարահանվել է հունիսի 18-ին ուսուցման ընթացքում, որը Գյուղական առեւտրային բանկն անցկացնում է 216 աշխատակիցների համար:
Ֆինանսական հիմնարկության՝ անվանումը չհայտնած աշխատակիցը նաեւ Beijing Times-ին պատմել է, որ ծեծը պատժի տեսակներից սոսկ մեկն է, եւս 16 աշխատակիցների գլուխները սափրել են: