Ինչո՞ւ Սէֆիլյանին ձերբակալեցին հենց երեկ
Երեկ հերթական անգամ ձերբալակվեց «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, թե Սէֆիլյանը ձերբակալվել է ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով։ Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ընդ որում՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ՝ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Ավելին, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում։ Եվ այս ամենի բացահայտման շարժառիթը դարձել է մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որի վայրում հայտնաբերվել է Սէֆիլյանի խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը։
Թե ինչո՞ւ են իրավապահները որոշել Սէֆիլյանին ձերբակալել ուղիղ 1 ամիս անց, պաշտոնական պարզաբանում չտրվեց։ Իր արմատական հայացքներով հայտնի ընդդիմադիր գործչի թիմակիցները նրա ձերբակալությունը հենց այն օրը, երբ Սանկտ Պետերբուրգում ծրագրված էր Սարգսյան-Ալիև հանդիպումը, պարզապես զուգադիպություն չեն համարում։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պետրոս Մակեյանը «168 Ժամի» հետ զրույցում հարցադրում արեց՝ եթե կապ չկա, ինչո՞ւ հենց այսօր ձերբակալեցին նրան։ «Իշխանությունները փորձում են հողերը հանձնել, իրենց ձևակերպած «անվտանգության գոտին» կազանյան տարբերակով, և փորձում են այն ուժերին, որոնք հասարակության դիմադրություն են կազմակերպում, մեկուսացնել։ Սէֆիլյանը բացահայտեց, որ ոչ թե 200-300 ք/մ էր, այլ, ինչպես Սերժ Սարգսյանն ընդունեց, 800 հեկտար են գրավել, և Սարգսյանի հայտարարությունից հետո, թե ով ուզում է՝ կարող է հետ գրավել, Սէֆիլյանը կոչ արեց համախմբման և այդ տարածքները հետ վերցնելու, այսինքն՝ այս բոլորը նրանք չմարսեցին։ Այս ձերբակալությունը փոխկապակցված է ապրիլյան պատերազմի, Ղարաբաղյան հարցի և նաև ներքաղաքական կյանքում Սէֆիլյանի քաղաքական ակտիվության հետ։
Փաստորեն, Սէֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ իշխանության վերահսկողությունից դուրս է»,- ասաց Պ.Մակեյանը՝ կանխատեսելով, որ այս պատմությունը վարչախմբի համար կավարտվի հերթական խայտառակությամբ։
«Նոր Հայաստանի» անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս Սէֆիլյանի ձերբակալությունը կապեց Արցախի շուրջ բանակցությունների, անվտանգության խնդիրների հետ. «Սէֆիլյանն իշխանություններին ինչ-որ հարցով խանգարել է, այսինքն՝ ինչ-որ գործընթացներ են հավանաբար սպասվում, որի պարագայում ինքը կարող է խանգարող լինել, քանի որ անցած մարտական ուղի ունի, նաև ազատամարտիկներին համախմբելու կարողություն, և երևի այդ առումով խանգարել է»։
Նա հիշեցրեց, որ Սէֆիլյանին չեզոքացնելու փորձեր եղան նաև անցած տարի. «1 տարի շարունակ ձգձգվում է ինչ-որ մի քննություն, որի արդյունքում ոչ մի բան չկա, ընդամենը կարճ ժամանակով ձերբակալեցին նրան, ազատությունից զրկեցին, նաև անցած տարի սահմանադրական հանրաքվեի հետ կապված ահաբեկչական խումբ էին փորձում կապել Սէֆիլյանի հետ, բայց այդ ծրագիրն էլ կարծես չստացվեց։
Մի քանի տարի առաջ էլ Արցախի կողմից պաշտոնապես նվիրված ատրճանակն անօրինական զենք համարեցին ու 1-2 տարի բանտարկեցին»։ Անդրադառնալով Ժ.Սէֆիլյանի մոտ հայտնաբերված զենքին՝ Ա.Մարտիրոսյանը հեգնեց. «Դա ամբողջական ինֆորմացիա չէ, երևի թե 2 իսկանդեր հրթիռ էլ է եղել, դրա մասին չեն ասում, այդ իսկանդերների պուլտն էլ երևի Ժիրայր Սէֆիլյանի մոտ է եղել»։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը ՀՔԾ-ի հայտարարությունը «սուտ» որակեց և նշեց, որ սա ռեժիմի հոգեվարքի արդյունք է։ Ըստ նրա՝ ձերբակալության պատճառն այն է, որ Սէֆիլյանը պատրաստ է և գործնական քայլեր է կատարում, որ թույլ չտա ազատագրված հողերի վերադարձը. «Իսկ քանի որ այսօր էլ արդեն երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձը գնացել է խոստումներ տալու Պետերբուրգում, դրա համար մեկուսացնում են, որպեսզի որևէ մեկը չխանգարի իրենց»։
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի հավատում ՀՀ քննչական կոմիտեի հիմնավորումներին և հայտարարությունում հակասություն է տեսնում. «Գրում են՝ շենքեր է գրավում, տելեստուդիա է գրավում, պետական հեղաշրջում է կատարում, բայց ուրիշ բանի կասկածանքով են այս մարդուն ձերբակալում։ Նույնիսկ ցուցմունքներ են գրել այդ «հեղաշրջման» մասնակիցները, բայց Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալել են զենք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով։ Ինչպե՞ս հավատամ նրանց ասածին։ Սա ինձ հիշեցնում է ահաբեկչական հայտնի խմբի վնասազերծումը, երբ Երևանը պետք է արյան ծով դարձնեին այդ մարդիկ 11 ինքնաձիգերով։ Բա ի՞նչ եղավ, ինչո՞ւ ծպտուն չկա այն գործից»։ Նրա բնորոշմամբ՝ սրանից «ուրիշ հոտ է գալիս»՝ պատերազմի հոտ։
Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում և «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման» գրասենյակում (ՇԱԳԱՄ) երեկ ժամեր շարունակ խուզարկություն կատարվեց։ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, փաստաբաններին թույլ չեն տվել ներկա գտնվել։
Ի վերջո, ինչպես լրագրողներին տեղեկացրել է Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, առգրավել են 2 հեռախոս, մեկ նամակ ու մեկ թուղթ՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հեռախոսահամարներով ու էլեկտրոնային հասցեներով։ Զենք կամ զինամթերք չի հայտնաբերվել։ Ն. Սեֆիլյանը տեղի ունեցածը համարում է քաղաքական հետապնդում։
Տեղի ունեցածը շինծու գործ և քաղաքական պատվեր է որակել նաև Սէֆիլյանի թիմակից Վարուժան Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ արդեն տարին մեկ անգամ բռնություններ են կիրառում միակ ընդդիմադիր շարժումը ջարդելու նպատակով։
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն ուղղակի հաշվեհարդար է տեսնում իր գլխավոր հակառակորդի հետ։
Որպես Սէֆիլյանի պաշտպան՝ գործում ներգրավվել է փաստաբան Գևորգ Դավթյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ մասնակցել է Ժ. Սէֆիլյանի հարցաքննությանը, ով, սակայն, օգտվելու է լռելու իր իրավունքից։ Սէֆիլյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Գևորգ Դավթյանը փոխանցեց, որ Ժ. Սէֆիլյանը կարծում է, որ այս ամենը կապված է իր քաղաքական գործունեության հետ։ Նկատենք, որ Ժ.Սէֆիլյանը միակն էր, որ «բարձրացրել» էր նախագահ Ս.Սարգսյանի նետած ձեռնոցը, թե ով ցանկանում է՝ կարող է գնալ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հեկտարը հետ վերցնել։ Սէֆիլյանը կամավորների ցուցակագրում էր սկսել՝ սեփական ուժերով ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը։
Հանրապետականները երեկ գերադասեցին հնչող մեղադրանքներն անպատասխան թողնել։ Մեր բազմաթիվ զանգերը ՀՀԿ-ական պատգամավորներին գրեթե ապարդյուն անցան։ Միայն Սուքիաս Ավետիսյանը Սէֆիլյանի համախոհների գնահատականները «հերյուրանքներ» անվանեց։ Նա նշեց, որ տեղյակ չէ ձերբակալության պատճառներից, բայց դա որևէ կապ չունի Սարգսյան-Ալիև հանդիպման հետ. «Նման բան չկա, իզուր տեղը թող իր թիմակիցներն այդ թեման չշահարկեն, նման որևիցե խոսակցություն լինել չի կարող։ Նման հերյուրանքներ ոչ մեկը թող չփորձի տարածել»։