«Մենք չենք ընդունում նահանջի հրամաններ»
2016 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձին և Կազմակերպության 9-րդ համագումարին նվիրված պաշտոնական միջոցառումը («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 6 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2016 թվականի մայիսի 9-ը կազմակերպել է 605 միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում):
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Կազմակերպության 301 մասնաճյուղերից ժամանած 477 պատվիրակներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, զինվորականներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, հոգևորականներ: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հայոց պետականության սահմաններն անառիկ պահած և մարտիրոսված քաջորդիների հիշատակը: Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկաները դիտեցին «Հայոց Արծիվների» կողմից տեսագրված փաստավավերագրական համառոտ պատմությունը՝ «Ազգ, Հայրենիք, Պետականություն» խորագրով, որը պատմում էր «Սյունյաց Արծիվների» 7-ամյա և «Հայոց Արծիվների» 6-ամյա գործունեության ժամանակ իրականացրած 1.426 միջոցառումների մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեր-Տեր Գարեգին 2-րդի օրհնանքի և շնորհավորանքի խոսքը հնչեցնելուց հետո Կազմակերպության գործունեության 13-րդ տարեդաձի առթիվ շնորհավորանքի խոսքով և հաշվետվությամբ հանդես եկավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը.
««Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 9-րդ համագումարին ներկա հայրենատե՛ր հայեր,
Քսանհինգ տարվա մեր անձնվեր գործունեության ամենափառահեղ էջը Հայոց անկախ պետականությունն է, որի շնորհիվ մենք 600 տարի հետո հայոց սուրբ հողի վրա վեր հառնեցինք, որպես երրորդ հանրապետություն՝ մեր ձեռքերում ամուր պահելով վերհառնումի հաղթական դրոշը, մեր բազուկներին կրելով Արցախի ազատագրության դրոշմը: Բազում խնդիրներով հանդերձ հայոց անկախ պետականությունը մեզ վերադարձրեց մեր արիական ոգին, որի համար պայքարում էին մեր հայրերը, ու շարունակում ենք պայքարել մենք…
Այն բազում գործերը, որ իրականացրել ենք մենք, ներառյալ ապրիլյան քառօրյա պատերազմին «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի՝ բարձր կարգապահությամբ մեկ ամիս Արցախի առաջնագծում գտնվելը, ապացուցում են, որ մենք մեր հայրենիքի երդվյալ զավակներն ենք և շարունակելու ենք իրականացնել նրա անկատար երազանքները:
Ելնելով Հայոց Ազգային Բանակի կողքին ավանդաբար կանգնած լինելու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության երդմնապաշտությունից, Հայաստանն ու Արցախը հզոր ու պաշտպանված տեսնելու մեր համընդհանուր խնդիրներից՝ հայտարարում եմ.
Առաջին՝ «Հայոց Արծիվների» համար սուրբ է հայոց հողը, հայոց անկախ պետականությունը: Այն ձեռք ենք բերել պայքարով, արյունով, մեր ոգու ուժով և մեծ հավատքով տանելու ենք հավերժություն: Մենք ենք հայոց ազգային պետականության ժառանգորդները և պատվով պետք է կրենք նրա երդվյալ քաղաքացու կոչումը՝ դառնալով նրա իրական կերտողն ու պաշտպանը:
Երկրորդ՝ Հայոց բանակը մեր երկրի ու պետական անվտանգության անգնահատելի երաշխավորն է ու կատարյալ պաշտպանը: Հայոց Բանակն ազգի սիրտն է, իսկ մենք՝ նրա արյունատար երակները… Տասներեք տարվա մեր բազում գործունեության ընթացքում «Հայոց Արծիվների» հայրենանվեր աշխատանքի գրեթե ամբողջ մասը նվիրված է եղել Հայոց բանակին: Մեր ամուր կարգապահությամբ, անձնվեր հայրենատիրությամբ, փորձով ու իմաստնությամբ պարտավոր ենք համալրել ազգային բանակի պաշտպանական դիրքերը՝ նրա մեծագույն հաղթանակներին ու անսասան որոշումներին մշտապես աջակից լինելու հրամայականով: Մենք չենք ընդունում նահանջի հրամաններ, մեր հաղթանակները կարծրացած են հայոց ազգի հերոս զավակների արյան շաղախով:
Երրորդ՝ «Հայոց Արծիվներս» տեր ենք մեր ազգային ժառանգությանը՝ մեր ավանդույթներին, հայոց լեզվին ու մշակույթին, հայ ընտանիքի ամրությանն ու բազմազավակությանը: Մեր հաղթանակները կայուն են, իսկ ձեռքբերումները՝ անկասելի: Մենք պահանջատեր ենք և վերջ:
Չորրորդ՝ Մեր գերխնդիրը հայոց գենի պաշտպանվածությունն է: Հայոց գենի արմատում են երկրի քաջարի ռազմիկը, հայրենատերը, մշակույթի, կրթության ու գիտության հանճարը… հայրենիքը: Հեռու պահենք մեր սուրբ գենը հայրենիք ներխուժող արատավոր բարքերից՝ մեր տունն ավերող կոռուպցիայից, աղանդավորներից, թմրամոլներից և այլնից:
Հայազորացում. սա՛ է յուրաքանչյուր հայրենապահ հայի գերակայությունը:
Հինգերորդ՝ Հայաստանը աշխարհի հայության ուժն է, հայոց ազգի ներկա ու գալիք օրերի առհավատչյան: Մենք ազգովի ենք պատասխանատու մեր ձեռքբերումների և բացթողումների համար: Հայոց պետականությունն անընդհատ հզորացնելու ու նրա սահմաններն անխոցելի պահելու երդումով՝ ապրիլյան պատերազմի օրերին Արցախի առաջնագծում մեր անսասան հավատարմությունն ու անկոտրում մարտունակությունն ապացուցած «Հայոց Արծիվներ» ջոկատը և տասնյակ հազարավոր արծիվներ վստահեցնում ենք, որ ազգապահ հայ ժողովուրդը միշտ իր Գերագույն գլխավոր հրամանատարի կողքին է և շարունակելու է մնալ իր հաղթանակների տերն ու պատասխանատուն, ու կրկին մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ համոզված լինելով, որ մենք ոչինչ չունենք հայոց Ազգի թշնամուն զիջելու, այլ ունենք մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու առաքելություն:
Վեցերորդ՝ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկներում՝ հայոց աշխարհը մշտապես ասպատակությունների զոհ է դարձել. հայրենազրկվել, կորցրել իր պատմական էթնիկ տարածքները, իր ազգային հարստությունը: Հայի տունն իր Հայրենիքն է: Հայն իր օջախում է արարում, որպես ազգ ու պետականություն: Մենք Հայաստանի ամբողջատիրության զինվորն ենք, նրա ներկա և ապագա անվտանգության երաշխավորը, Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետականություն հավերժախոսության գաղափարակիրը: Մեր խնդիրը Հայաստան աշխարհի ներքին և արտաքին հզորության ամրագրումն է՝ հիմքում ունենալով հային բնորոշ օրինապաշտությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվությունը, Քրիստոսապաշտ հավատքն ու միասնականությունը: Ազգային միասնականության մեր հզոր ուժով կերտելու ենք Մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան:
Հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, և թո՛ղ Աստված ու Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում և ուղեղներում:
Կեցցե՛ք դուք, կեցցե՛ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, կեցցե՛ հայրենապահ հայ ժողովուրդը…
Աստված բոլորիս պահապան, Աստված պահապան Հայաստանին, Արցախին ու սփյուռքին»:
Կազմակերպության 9-րդ համագումարը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ միաձայն վերընտրեց Խաչիկ Մայիսի Ասրյանին:
Համագումարը ընտրեց նաև Կազմակերպության ղեկավար մարմնի՝ 135 անդամներից կազմված Խորհուրդ, ինչպես նաև Վերահսկիչ հանձնաժողով՝ երեք անդամներով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Կազմակերպության ամենատարեց անդամը՝ 90-ամյա Արշակ Ռզգոյի Հարությունյանը, պարգևատրվեց «Աշխատանքային վաստակի համար» պետական պարգևով, իսկ Կազմակերպության 4 ակտիվ անդամներ պարգևատրվեցին ՀՀ Նախագահի շնորհակալագրերով:
ՀՀ վարչապետի կողմից գրող, հրապարակախոս, Կազմակերպության նախագահության անդամ Ռուզան Ասատրյանը պարգևատրվեց Վարչապետի հուշամեդալով, իսկ Կազմակերպության 7 ակտիվ անդամներ պարգևատրվեցին Վարչապետի շնորհակալագրերով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձի կապակցությամբ նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի առավել ակտիվ անդամները:
Վերջում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնի հնչեցումից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն՝ Կազմակերպության համագումարի բոլոր մասնակիցների համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով