Աշուլուկ զորավարժարանում հրթիռային շարժիչներ են պայթում
Ռուսաստանի Աստրախանի մարզի զորավարժարանի պահեստում բռնկած հրդեհն ուղեկցվում Է ուժգին պայթյուններով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի ուժային կառույցների աղբյուրը:
Աստրախանի մարզի Խարաբալիի շրջանի Աշուլուկ զորավարժարանի տարածքի պահեստում հրդեհն սկսվել է հունիսի 20-ի առավոտյան: Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին կրակը տեղափակվել է: Մերձակա բնակավայրից տարահանվել շուրջ 600 մարդ:
«Հրդեհն ուղեկցվել է ուժգին պայթյուններով: Նախնական տվյալներով՝ պահեստում եղել են պահեստամասեր, այդ թվում՝ հրթիռային շարժիչներ, դրանք պայթել են»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, զորավարժարանի թիրախ-հրթիռների ոչ մարտական մասերի պահեստարաններից մեկում պլանային աշխատանքների ընթացքում սկսել է այրվել հրթիռի շարժիչը: Պատահարի հետեւանքով տուժածներ չկան: Պատահարի վայր Է մեկնել պաշտպանության նախարարության հանձնախումբը: