«Արամ Աթեշյանի դասընկերները համոզված են, որ Հայր Մանուելին թուրք իշխանություններին «ծախողն» Արամ Աթեշյանն է եղել»
«Եթե Արամ Աթեշյանն ինքնակամ չհրաժարվի իր բռնազավթած աթոռից, մենք իրոք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգելու, ու Թուրքիան իր խաղը տանելու է՝ իրեն խրտվիլակ դարձրած Արամ Աթեշյանով»,- այսօր լրագրողների hետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Նա մի քանի ուշագրավ տեղեկություններ հայտնեց Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի մասին՝ նշելով, որ Ա. Աթեշյանը միլիոնավոր դրամների անշարժ գույք ունի էջմիածնում, Աբովյանում, Մոսկվայում և այլուր. «Սա անհեթեթություն է, հայ հոգևորականը պետք է հոգևոր ծառայություն մատուցի իր ժողովրդին, նման կեցվածքով է հանդես գալիս, ու ոչ մեկը չի հարցնում՝ քեզ որտեղի՞ց, կամ եթե ունես, ինչո՞ւ քո ժողովրդին չես տրամադրում»:
Տունը՝ Էջմածին քաղաքում
Ստամբուլում նրա նոր գնած բնակարանը՝ 550,000 դոլար արժեքով
Ստամբուլի Բոսֆորի ափին, Բեյկոզ թաղամասում հայապատկան 45 000 քառակուսի մետր տարածքը
Նա հայտնեց, որ օրերս խոսել է Արամ Աթեշյանի դասընկերների հետ, որոնց մեծ մասը միշտ բացասական են արտահայտվել նրա մասին. «Արամ Աթեշյանն ունեցել է մի դասընկեր՝ Մանուել Երկաթյանը, իրար հետ են սարկավագ դարձել: Երբ հայր Մանուել Երկաթյանը Պոլիս է այցելել, որպեսզի իր հետ միասին աշակերտներ տանի, որ կարողանան հոգևոր ծառայություն մատուցել, հայր Մանուելը ձերբակալվել է թուրք իշխանությունների կողմից, նրան մեղադրել են, որ իբր ինքը հայկական զինյալ պայքարը տանող տեռորիստական կազմակերպության անդամ է, իբր թե ինքն իր շան անունը «Թուրք» է դրել: Յոթ հոգի վկայություն են տալիս նրա դեպքով, միակ մարդու վկայությունը, որ չկա, դա Աթեշյանի վկայությունն է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մնացածը հարցաքննվում են ու ասում են, որ դա անհեթեթություն է, նա հոգևոր տեսուչ է, իսկ Աթեշյանը, նրա դասընկերը լինելով՝ վկայություն չի տալի: Հայր Մանուելին 14 տարի բանտարկություն են տալիս»:
Ս. Հացպանյանը պատմեց, որ Հայր Մանուելը մահացել է 2004 թվականին, այժմ արտասահմանում գտնվող իր ընկերներից մեկը Ս. Հացպանյանին խնդրել է այդ ամենը փոխանցել և ասել, որ ինքը պատրաստ է ամեն տեղ հրապարակային ելույթ ունենալ: Նա ասել է, որ իրենք ամբողջ դասարանով ատել են Աթեշյանին ու հիմա համոզված են, որ հայր Մանուելին թուրք իշխանություններին «ծախողը» եղել է Արամ Աթեշյանը:
«Նամակ եմ ստացել, որտեղ մի երկրորդ խայտառակ բանը կա: Արամ Աթեշյանն Ամստերդամի եկեղեցում Ավետարան է ծախել՝ բարձր արժեքով, փոխանակ Հայաստանին նվիրի, գնում ու առուծախի է ենթարկում այդ հոգևոր գիրքը»,- նշեց նա:
Ս. Հացպանյանն ուրախ է, որ այս տասն օրերի ընթացքում հայ հասարակությունը «բարձրակետին» էր: Նա հույս ունի, որ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հանրային նախաձեռնությունը կհասնի հաջողության, և կարգելվի նրա մուտքը Հայաստան:
«Ես նախաձեռնության հետ որևէ կապ չունեմ: Ես, լինելով Արամին ճանաչող մարդ, միայն տեղեկացվածության համար եմ օժանդակել այս նախաձեռնող խմբին: Այս նախաձեռնությունը պետք է ավարտին հասցնել: Որ գոնե մեկ հոգևորական պատիժ կրի իր ոչ հոգևորական կեցվածքի համար: Նա եթե ինքնակամ չհրաժարվի իր բռնազավթած աթոռից, մենք իրոք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգելու, ու Թուրքիան իր խաղը տանելու է՝ իրեն խրտվիլակ դարձրած Արամ Աթեշյանով»,- նշեց Ս. Հացպանյանը:
Լուսանկարները՝ Սարգիս Հացպանյանի