Ադրբեջանում սկսվել են ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժությունները
Haqqin.az պորտալը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ Ադրբեջանի բանակը հունիսի 19-ից սկսել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը: Դրանք կշարունակվեն մինչև հունիսի 24-ը:
Տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ: Դրանցում ներգրավված է շուրջ 25 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ և մարտական զրահապատ մեքենա, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա և ՀՕՊ ավելի քան 30 համակարգ, հատուկ նշանակության ջոկատներ և ռազմածովային ուժերի նավեր:
Զորավարժությունների անցկացման վայրը սահմանամերձ գոտու զորավարժարաններն են, Նախիջևանը և Կասպից ծովի ադրբեջանական հատվածը:
Պորտալի հաղորդմամբ՝ զորավարժությունների անցկացման հիմնական նպատակն է զորամիավորումների և զորքերի ղեկավարման հրամանատարական հմտությունների, դժվարին պայմաններում ժամանակակից մարտեր մղելու կարողության կատարելագործումը:
Նշվում է, որ զորավարժությունների համար հատկանշական լինելու է այն, որ դրանք անցկացվելու են նոր տեխնոլոգիական միջոցների և սպառազինությունների լայն կիրառմամբ: