Էրդողանի համար հեշտ չի լինի ներողություն խնդրել Ռուսաստանից. Hurriyet Daily News
Շնորհավորական նամակը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղարկել էր Ռուսաստանի նախագահին՝ շնորհավորելով Ռուսաստանի օրը, դարձավ Անկարայի հերթական փորձը՝ բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Այնուամենայնիվ, երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացում դեռևս չի նկատվում, կարծում է թուրքական Hurriyet Daily News պարբերականի վերլուծաբան Մուրադ Յեթքինը:
«Ինչպես Անկարան, այնպես էլ Մոսկվան հայտարարել է, որ կցանկանար բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները: Պուտինը հստակ ասել է, որ Ռուսաստանը դրա համար միայն մեկ պայման ունի՝ ներողություն Թուրքիայի կողմից և փոխհատուցում: Էրդողանը նույնպես հստակ հայտարարել է, որ Թուրքիան ներողություն չի խնդրելու»,- գրում է Մուրադ Յեթքինը:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում բարդ իրավիճակ է ստեղծվել: Նրա կարծիքով՝ հենց Թուրքիայի ԱԳՆ-ն է խորհուրդ տվել Էրդողանին նամակ գրել Պուտինին՝ նպատակ ունենալով բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ի պատասխան՝ Ռուսաստանը հայտարարեց, որ նույնպես հարաբերությունների բարելավում է ցանկանում, սակայն միայն այն բանից հետո, երբ Անկարայի ղեկավարությունը որոշակի քայլեր ձեռնարկի:
«Հնարավոր է, որ այդ երկկողմ քայլերն արվել են, որ երկու երկրների միջև սառույցը հալչի, սակայն մինչ օրս դեռ քաղաքական տոնի մեղմացման ոչ մի նշան չկա երկու երկրների երկխոսությունում: Էրդողանի ներողությունը հեշտ չի լինի»,- արձանագրում է պարբերականը:
Հոդվածագրի կարծիքով՝ միջազգային հարաբերություններում անորոշության, Սիրիայի քաղաքացիական պատերազմի ֆոնին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կայունացում «մոտ ժամանակներս ակնկալել չի կարելի, եթե միայն Անկարայի և Մոսկվայի քաղաքականությունում արմատական փոփոխություններ տեղի չունենան»: