Օսկանյանը ցանկանում է փակել իր կենսագրության ամոթալի էջերը
«Նշանակալի», «պատմական», «ճակատագրական»… Նման հնչեղ բառերով երեկ ազդարարվեց «Համախմբում» կուսակցության ստեղծման պաշտոնական մեկնարկը։ Կուսակցության հիմնադիր համագումարում ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, փոխնախագահներ դարձան պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը, կուսակցության խորհրդի համակարգող դարձավ Անդրանիկ Թևանյանը։
Համագումարում պաթոսով լի ճառերի պակաս չկար։ Ս.Մարգարյանը խոսեց Հայաստանը կեղեքող քաղաքական մենաշնորհի, Ընտրական օրենսգրքի պատճառով առաջացած համընդհանուր քաոսի, իշխանության՝ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով գործելաոճի մասին։ Կուսակցության վարչության անդամ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը կուսակցության ստեղծումը «նշանակալի իրադարձություն» որակեց ու կանխատեսեց, թե այն ձեռք է բերելու «համազգային շարժման» բնույթ, վերածվելու է «լուրջ այլընտրանքի» և սկիզբ է դնելու արմատական փոփոխությունների։ Ա.Թևանյանն էլ ժամանակաշրջանը որակեց «պատմական», ընտրությունը՝ «ճակատագրական», ու կուսակցությանը պարզապես «դատապարտեց» հաղթանակի։ Նա կոչ արեց համախմբվել ու փակել պատմության ամոթալի էջերը։
Մինչ հռետորները փորձում էին բոցաշունչ ելույթներով ցույց տալ իրենց առաքելության ողջ կարևորությունը, կուսակցականների շարքերում անհամբերություն էր նկատվում։ «Ի՞նչ եք էդքան խոսում, կարճ կապեք»,- լսվեց հետևի շարքերում։
Վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ։ «Ես չեմ ընտրել «Համախմբումը», դուք մի ուժ ստեղծեցիք, ես ձեզ չմիացա՞։ Չկա այդ ուժը։ Մյուս նորաստեղծ կուսակցություններին չմիացա, որովհետև ամեն մարդ մի ձև է գտնում իր ճանապարհը, ես սա գտել եմ ավելի հարթ ու անվտանգ, պատեհ, քան մյուս կուսակցություններին համախմբվելը։ Դրա համար ես միացա «Համախմբում» կուսակցությանը։ Այնպիսի վիճակ է, որ քաղաքական դաշտում չկա լիակատար նախընտրելու տեղ»,- ասաց նա՝ հավելելով, թե «պարտավոր է իր լուման ներդնելու, նորից մի լավ բան փորձել անելու հայրենիքի համար»։
Ազատամարտիկը չհերքեց շրջանառվող համառ լուրերը, որ կուսակցության թիկունքում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, թեև ոչ էլ հաստատեց. «Շատ հնարավոր է, բայց այսօր ես այդ մասին տեղեկություն չունեմ, չեմ ասում դրա մասին։ Երբ տեղեկություն ունենամ, ես կասեմ»։ Կուսակցության նորաթուխ անդամ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն իր քաղաքական ընտրությունը բացատրեց մեկ ցանկությամբ՝ երկրում տեսնել մարդու իրավունքների նորմալ պաշտպանություն, ազատ մրցակցություն, ժողովրդավարություն, և կուսակցության գաղափարախոսության բազմաթիվ կետեր համընկնում են իր հավատամքի հետ։ «Որպեսզի գաղափարներն իրականանան, պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Կուսակցությունը գնում է ամբողջական իշխանափոխության։ Սակայն իշխանափոխությունը նախագահի հրաժարականով չէ պայմանավորված, պետք է ունենալ հանրային վստահություն, ունենալ իր խոսքն ու ասելիքը որոշումների կայացման գործում»,- հայտարարեց Կ.Անդրեասյանը։ Նա նշեց, որ թիմը, որ հավաքվել և նախաձեռնել է այս կուսակցությունը, իր խորին համոզմամբ, ունի և՛ անհրաժեշտ ինտելեկտը, և՛ պարկեշտությունը։
Չափազանց ուշագրավ էր Վարդան Օսկանյանի ելույթը։ Նա փորձում էր մոռացության տալ իր անփառունակ անցյալն ու պատկերել ազնիվ պայքարի լուսավոր ապագա։
«Ես եկել եմ Հայաստան՝ հույսով, հավատով և երազանքով, 25 տարի անց, հակառակ իմ կյանքում տեղի ունեցած վայրիվերումներին, ես հավատում եմ ապագային»,- ասաց նա՝ միաժամանակ վստահեցնելով, որ, թեև որպես անձ՝ թերություններ ունի, սակայն անձնվեր պետական աշխատող է և հայրենասեր։
Մոռացության մատնելով 4 տարի առաջ փողերի լվացման մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործը, մասնավորապես՝ խոսքը 1 մլն դոլարից ավելի գումար յուրացնելու մասին էր, որի պատճառով այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Օսկանյանին, վերջինս համագումարի ժամանակ հայտարարեց՝ «ի տարբերություն այլոց՝ ես գումարներ չեմ աշխատել հայրենիքում, հակառակը, իմ կապերը ներդրել եմ գումարներ բերելու»։ ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելն Օսկանյանի շուրթերից հնչեց որպես «հայրենիքին մատուցված զոհաբերություն»։
«Ես լավ հայաստանցի եմ, ես լավ ղարաբաղցի եմ, լավ հալեպցի եմ»,- ոգևորված հայտարարեց Օսկանյանն ու արժանացավ բուռն ծափահարությունների։
Նախկին արտգործնախարարը խիստ քննադատության ենթարկեց ներկայիս իշխանությանը՝ նշելով, թե մեր իրականությունը վատ կառավարման, տեսլականի ու կամքի բացակայության արդյունք է, բայց ինքը հավատում է, որ այդ ամենը կարելի է արագ փոխել, և այդ պատճառով է, որ ստեղծել են «Համախմբում» կուսակցությունը, որը բաց, թափանցիկ միավոր է։ Կուսակցության ստեղծման պահն Օսկանյանն անվանեց ճակատագրական, երբ պատերազմը Հայաստանի գլխին կախված է, արտագաղթը չի դադարում, իսկ ժողովուրդը շատ բան չի ուզում՝ ընդամենն իր հասանելիքը՝ ապահովություն, անվտանգություն։
Օսկանյանի խոսքով՝ երկրում չկա հանդուրժողականություն, արդարություն, նաև խոսքի ազատություն։ Նա նշեց, թե կարող ենք ձևացնել, թե ունենք ազատություն, ժողովրդավարություն, ազատ տնտեսություն, բայց իրականությունն այդպես չէ, և ձևացնելը շատ ավելի վտանգավոր է։ ««Համախմբումը» հայտ է ներկայացնում իշխանություն վերցնելու»,- հայտարարեց Օսկանյանը՝ հրապարակելով կուսակցության աշխատանքային ծրագրի 4 հիմնախնդիրները, այդ թվում՝ արտաքին քաղաքականությունում «քոմփլեմենթար» քաղաքականության վերադարձը, և կարոտախտով հիշեցնելով, թե այդ մոտեցումը 10 տարի ծառայել է ՀՀ շահերին՝ ապահովել ներդրումներ ու Ղարաբաղի անվտանգությունը։ Իրեն «բաց» հռչակող քաղաքական գործիչը համագումարից հետո փորձեց ամեն կերպ խուսափել լրագրողների հարցերից, և միայն նրա ճանապարհը փակելուց ու պնդելուց հետո՝ բարեհաճեց մի քանի հարցի կցկտուր պատասխաններ տալ։
Նա հավաստիացրեց, թե մտահոգություն չունի, որ իր դեմ նախկին քրեական գործը, որը կարճվել էր կուսակցության հիմնումից հետո, որևէ դրվագով կթարմացվի։ ՀՀ երկրորդ նախագահի զինակից նախկին արտգործնախարարը կրկին վստահեցրեց, թե «Համախմբումը» Ռոբերտ Քոչարյանի կուսակցության հետ որևէ առնչություն չունի։ Նա նաև հերքեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի բուն նպատակի շուրջ շրջանառվող լուրերը, որ նա հատուկ է եկել՝ այս կուսակցությանն անդամակցելու համար, ու հայտարարեց, թե Բաբայանի հետ չի էլ խոսել։ Այժմ որպես լրատվամիջոցների ազատության ջատագով ներկայացող Օսկանյանի սրտով չէր հիշեցումը, որ «Ա1+» հեռուստաընկերությունը փակվել է հենց իր օրոք. «Նախկինում, եթե սխալներ եղել են, դա չի նշանակում, որ հավերժ, 100 տարի էլ կրկնելու ենք։ Գիտեք, խոսքը նրա մասին է, թե ուզում եք այս երկիրն առաջ գնա, կամ տեղում դոփի, ուրեմն ինչ-որ նախկինում վատ է եղել, ուրեմն, արդարացվում է։ Եթե գանք իշխանության, նման բան, իհարկե, բացառվում է»։
Օսկանյանը վճռականություն հայտնեց իշխանափոխության հասնելու հարցում, հանուն որի՝ պատրաստ է ամեն ինչի։
Թե քաղաքական մենաշնորհացման, ընտրական համընդհանուր քաոսի պայմաններում ՀՀ քաղաքացիների ո՞ր մասին կկարողանա Օսկանյանը համոզել, որ ինքը փակել է իր կյանքի պատմության ամոթալի էջերը, ցույց կտա ժամանակը։
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ» թերթ