«Գուցե պատահական չէ այն տպավորությունը, որ Ռուսաստանն ուզում է առաջատարի դիրք գրավել ԼՂՀ կարգավորման հարցում». Շավարշ Քոչարյան

«Այն, ինչ պայմանավորվել են Վիեննայում, չափազանց կարևոր է, առանց դրա՝ բանակցություններում որևէ առաջընթացի մասին խոսելն անհնար է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով հունիսի 20-ին ՌԴ-ում կայանալիք Իլհամ Ալիև-Սերժ Սարգսյան հանդիպման մասին՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս հանդիպումը որոշակի առումով քննություն է Ադրբեջանի համար. «Արդյո՞ք նա համաձայնեց՝ չկարողանալով Վիեննայում դիմակայել այդ երեք պետությունների ճնշմանը և առաջարկություններին, իսկ հիմա փորձելու է տապալել այդ համաձայնությունը, թե՞ ոչ»:

Դիտարկմանը, թե, փաստորեն, ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ Ռուսաստանն առաջատարի դիրք է գրավում, փոխնախարարը պատասխանեց, որ դժվար է ասել. «Ամբողջ այս բանակցային գործընթացում պարբերաբար համանախագահներից որևէ մեկն առաջատար դիրք է ստանձնել, ժամանակին դա եղել է Ֆրանսիան, հետո՝ ԱՄՆ-ը, ժամանակին Ռուսաստանը շատ ակտիվ էր: Հիմա պատահական չէ գուցե այն տպավորությունը, որ Ռուսաստանն ուզում է առաջատարի դիրք գրավել, բայց մինչ այսօր այդ քայլերը եղել են համաձայնեցված բոլոր երկրների միջև»:

Անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանի հետ զենքի վաճառքը՝ Շ. Քոչարյանն ասաց, որ անվտանգության պաշտպանության հարցերում մենք մեզ վրա պետք է դնենք մեր հույսը. «Համագործակցությունը տարբեր պետությունների և միջազգային կառույցների հետ նպաստում է, որ որոշակի սպառնալիքներ չեզոքանան, այդ համատեքստում է մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, ոչ ավելի: Պետք է միշտ ելնել նրանից, որ ցանկացած երկիր ելնում է իր սեփական շահերից»:

Հարցին՝ այսինքն՝ այս փուլում Հայաստանի և Ռուսաստանի շահերը չե՞ն համընկնում, փոխնախարարն այսպես արձագանքեց. «Մենք մեր շահերը լավ գիտենք, Ռուսաստանն էլ իր շահերը լավ գիտի, և մենք պետք է միշտ հստակ գիտակցենք՝ որտեղ է այն եզրը, որտեղ դրանք հատվում են: Այն մարդիկ, որոնք ավելի մեծ սպասելիքներ ունեին Ռուսաստանից, ու դրանք չարդարացան, նրանք չպետք է մտնեն մեկ այլ ծայրահեղության մեջ ու Ռուսաստանին մեզ թշնամի դարձնեն»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է՝ նախագահների հանդիպման ժամանակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի: Ի պատասխան՝ Շ. Քոչարյանն ասաց, որ այս պահին կա միայն մեկ փաստաթուղթ, որն ընդունված է՝ որպես բանակցությունների հիմք. Մադրիդյան փաստաթուղթը:

Տեսանյութեր

Լրահոս