Բաժիններ՝

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացը, ինչպես նաև շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը». Բաքվում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այսօր Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջան այցի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե Ռուսաստանի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման փաստը արդյոք չի՞ նշանակում գործընթացից ԱՄՆ-ի նահանջ, Սեկուտան այսպես է պատասխանել.

«Սկսեմ նրանից, որ մարտի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ամերիկա այցի ժամանակ հիմնական թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Բացի այդ՝ Վիեննայում կողմերը հանդիպել են ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ և աջակցությամբ»:

Պատասխանելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին հարցին՝ Սեկուտան հիշեցրել է այդ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցության մասին:

«Մենք ողջունում ենք կողմերի հարաբերություններում առաջընթացը, ինչպես նաև շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու համակարգումը՝ բազմակողմ խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- ասել է ամերիկացի դեսպանը:

Բանակցությունների առաջին փուլում Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական 5 շրջանների վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ Սեկուտան ասել է հետևյալը. «Եթե դուք ծանոթանաք Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների հետ, ապա կտեսնեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը հետապնդում են մեկ միասնական նպատակ, որպեսզի հակամարտող կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ, և ստորագրվի բազմակողմ խաղաղության պայմանագիր»,- ասել է դեսպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս