Ռուսաստանցիների 44 տոկոսը պաշտպանել է ԼՂՀ անկախությունը. հարցում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս մարտական գործողությունների վերսկսման մասին հայտնի է ռուսաստանցիների 70 տոկոսին (11 տոկոսը հետեւում է իրադարձությունների զարգացմանը, 59 տոկոսը ինչ-որ բան լսել է, բայց տեղյակ չէ մանրամասներին): Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա» կենտրոնում:
Հարցվածների մեծամասնության (66 տոկոս) կարծիքով՝ Ռուսաստանն այդ հակամարտության մեջ չպետք է աջակցի կողմերից որեւԷ մեկին: Եվս 11 տոկոսը ճիշտ է համարում Հայաստանի կողմից, իսկ 3 տոկոսը Ադրբեջանի կողմից հանդես գալը: Յուրաքանչյուր հինգերորդը (20 տոկոս) դժվարացել է պատասխանել:
Պատասխանելով այն հարցին, թե, իրենց կարծիքով, ով է հրահրել իրադրության սրումը, հարցվածների 23 տոկոսը նշել Է ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի երկրները, 19 տոկոսը՝ Ադրբեջանը, 15 տոկոսը՝ Թուրքիան, 4 տոկոսը՝ Հայաստանը: Յուրաքանչյուր տասներորդը (9 տոկոս) ոչ ոքի չի մեղադրում եւ այն կարծիքին է, որ պատահածը թյուրիմացություն է: Դժվարացել է պատասխանել մայիսին Ռուսաստանի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 800 մարդու շրջանում անցկացված հարցման մասնակիցների 37 տոկոսը:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղաբաշխմանը դրական է վերաբերվում հարցվածների 46 տոկոսը, բացասական՝ 36 տոկոսը, չի պատասխանել 18 տոկոսը: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գտնվելու օգտին հանդես է գալիս 41 տոկոսը, դեմ՝ 40 տոկոսը, դժվարացել է պատասխանել 18 տոկոսը:
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում առանց ռուս խաղաղապահների մասնակցության ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղաբաշխելու գաղափարն արձագանք է գտել ռուսաստանցիների միայն 15 տոկոսի շրջանում, դրան բացասաբար է վերաբերվել 64 տոկոսը, դժվարացել է պատասխանել 21 տոկոսը:
Դատողություններ անելով Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ՝ ռուսաստանցիների 44 տոկոսը պաշտպանել է նրա անկախությունը: 11 տոկոսն ասել է, որ ԼՂ-ն պետք է գտնվի Հայաստանի կազմում, իսկ 6 տոկոսի կարծիքով՝ Ադրբեջանի կազմում: Հարցին չի կարողացել պատասխանել հարցման մասնակիցների 40 տոկոսը: