«Մտահոգությունները, թե Ռուսաստանն ունի գաղտնի օրակարգ, տեղին չեն». Զախարովան` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման և ռուսական պլանների մասին

168.am-ի զրուցակիցն է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

– ԵԱՀԿ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նատաշա Ռաջակովիչը տեղեկացրել է, որ կազմակերպությունը չի մասնակցում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման եռակողմ գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքներին: Սակայն օրերս ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնելով, որ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական առաքելությունը՝ ամբողջությամբ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ: Բայց ինչպե՞ս է համագործակցում, եթե ԵԱՀԿ-ն չի մասնակցում նախապատրաստական աշխատանքներին, և Հայաստանում մի շարք փորձագետներ պնդում են, որ Ռուսաստանն իր առանձին օրակարգն ունի: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

– Ես չեմ մեկնաբանի գագաթաժողովի կազմակերպումը, դա ամբողջությամբ ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասության ներքո է: Ես կարող եմ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այն մտահոգություններին անդրադառնալ, իբրև թե Ռուսաստանն ունի սեփական գաղտնի օրակարգը, որով նա չի կիսվում, դա բացարձակապես այդպես չէ:

Ինչպես գիտեք, մենք հրապարակեցինք հաղորդագրություն այն մասին, որ ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է անցկացնում օտարերկրյա դեսպանների հետ ԼՂ հակամարտության և հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին՝ մասնավորապես այն երկրների դեսպանների հետ, որոնք համանախագահում են, ուստի այդ շփումների մասին մենք հասարակությանը տեղեկացնում ենք, այսինքն` բացի նրանից, որ մենք կիսվում ենք տեղեկատվությամբ մեր օտարերկրյա գործընկերների հետ հաճախակի, բազմաձևաչափ կերպով, մենք նաև հասարակությանն ենք տեղեկացնում այն չափով, որը հնարավոր է և անհրաժեշտ: Ուստի, ես կարծում եմ, որ այդ մտահոգությունները բացարձակապես տեղին չեն: Իհարկե, Ռուսաստանն ունի սեփական աշխատանքները, բայց որևէ գաղտնի, փակ օրակարգի մասին, որը կթաքցվի կողմերից կամ ներգրավված կողմերից, չկա, կարծում եմ, որ խոսելու կարիք չկա:

– Այնուամենայնիվ մյուս համանախագահները մասնակցելո՞ւ են, ըստ Ձեզ, այդ հանդիպմանը:

– Եվս մեկ անգամ ասեմ, որ այդ հանդիպման հարցը, դրա կազմակերպման հարցը չպետք է ինձ ուղղված լինի, այլ՝ ՌԴ նախագահի աշխատակազմին: Հասկացեք` մենք հստակ բաժանում ունենք:

– Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Նժդեհի արձանի մասին Ձեր հայտարարությանը…

– Ես նույնիսկ չեմ պատրաստվում դա լսել և մեկնաբանել: Ես կարծում եմ, որ մենք պետք է հարգենք միմյանց և հասկանանք, որ կան զգայուն հարցեր՝ ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի համար, և միայն փոխադարձ հարգանքը մեր պատմության նկատմամբ բարեկամական հարաբերությունների այն հիմքն է, որը կա մեր երկրների միջև, այդ հարաբերությունները մշտապես առանձնացել են: Ուստի մենք պետք է հարգենք մեր երկրների պատմությունը և վերաբերվենք դրա զգայուն կողմերին հարգանքով: Եթե կան հարցեր, պետք է դրանք լուծել կառուցողականորեն: Երևի թե՝ այսքանը:

– Այնուամենայնիվ Նժդեհի մասին կենսագրական նյութեր ստացե՞լ եք:

– Եվս մեկ անգամ ասեմ, ուզում եմ ընդգծել, որ պետք է միմյանց պատմության զգայուն հարցերին հարգանքով վերաբերվել, հասկանալ, որ Հայաստանի համար կան հարցեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն իր համար, և Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանին այդ սկզբունքային հարցերում: Ձեզ ծանոթ է մեր դիրքորոշումը, դա որևէ քաղաքական կոնյունկտուրայի ենթակա չէ: Մենք երկար տարիների ընթացքում դա ցույց ենք տվել: Այդպես էլ Ռուսաստանի համար կան զգայուն հարցեր` սկզբունքային բնույթի: Կարծում եմ՝ փոխադարձ հարգանքը գրավականն է այն բանի, որ մեր հարաբերությունները, համագործակցությունը շարունակվի դարերով:

Տեսանյութեր

Լրահոս