Բաժիններ՝

«Հավատում եմ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի ընթացքում խաղաղության հաստատման, ինչպես նաև Կովկասն Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ դարձնելու կոչ կարվի». կարդինալ Լեոնարդո Սանդրի

Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում, կարծում է, որ այս այցելությունը յուրահատուկ քայլ է` արտահայտելու հիացմունքը եւ նվիրվածությունը հայ ժողովրդի եւ եկեղեցու հանդեպ:  Այս մասին կարդինալն ասել է իտալական «Լastampa»-ին տված հարցազրույցում:

«Կարծում եմ` այս այցելությունը նախևառաջ հիացմունքի արտահայտման ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատեւ պատմության ընթացքում հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին, ինչպես նաեւ երկրի հանդեպ ունեցած նվիրվածության արտահայտման քայլ է. այն երկրի, որն առաջինը դարձավ քրիստոնյա: Հռոմի պապն իր երախտագիտությունը եւ հարգանքը կարտահայտի այն ժողովրդի հանդեպ, որը ձեւավորվել է քրիստոնեական ոգով եւ կարողացել է պահպանել իր հավատն ու ինքնությունը դարեր շարունակ: Այս այցելությունը նաեւ շատ կարեւոր է սփյուռքի հայերի համար»,- ասել է կարդինալը:

Նրա խոսքով` հայերի մեջ նրան հիացնում է պատմության ամեն իրադարձությունը քրիստոնեական ոգով հաղթահարելու հատկությունը: «Ազատության, թե տառապանքի պահին նրանք կարողանում են այդ ոգով առաջ գնալ: Այդ հավատը Հայաստանի ուժն է, որը թույլ տվեց այդ քրիստոնյա համայնքին հաղթահարել 20-րդ դարի սարսափելի դժբախտությունները` ուղղված 1.5 միլիոն քրիստոնյա հայերին: Այս ցավալի իրադարձությունների թողած հետքը անջնջելի է»,- նշել է Լեոնարդո Սանդրին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա Պապի այցելության ազդեցության մասին հարցին ի պատասխան` կարդինալը նշել է, որ հավատում է` այս այցը նաեւ հնարավորություն կտա` կոչ անելու եւ խրախուսելու մարդկության հիմնարար արժեքների ամրապնդումը: «Մերժել բռնությունը, ահռելի ցավ պատճառող զենքի օգտագործումը եւ համառորեն պայքարել խաղաղության հաստատման համար դիվանագիտության, երկխոսության, հանդիպումների եւ բանակցությունների միջոցով. ես հավատում եմ, որ այս այցի ընթացքում խաղաղության հաստատման, ինչպես նաեւ Կովկասն Արևելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ դարձնելու կոչ կարվի»,-ընդգծել է Լեոնարդո Սանդրին:

Իսկ Հռոմի կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների փոխհարաբերութությունները նա որակել է որպես շատ բարեկամական: «Կարծում եմ` Հռոմի պապի այցելությունն էլ ավելի կամրապնդի երկու եկեղեցիների կապերը` հիմնվելով եղբայրության, ընկերության եւ փոխադարձ աջակցության վրա, ինչն էլ կհանգեցնի տարբեր ոլորտներում նրանց համագործակցությանը: Ենթադրում եմ, որ այցելության ընթացքում կպատրաստվի «Ընդհանուր հռչակագիր», որը կընդգծի ցանկությունը եւ կամքը` կառուցելու էլ ավելի եղբայրական կապեր»,-եզրափակել է կարդինալ Լեոնարդո Սանդրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս